08.10.2014 15:31
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալի 12-րդ թողարկման պարտատոմսեր NASDAQ OMX Armenia բորսայի հարթակում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, ընկերությունը փակ աճուրդի միջոցով ներկայացրել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ տարեկան 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային: Աճուրդին որպես գնորդ մասնակցել է չորս դիլեր։
Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,390,393,431.50 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,005,155,561.50 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.79%:
«Սա պարտատոմսերի հերթական թողարկումն էր, պահանջարկի նման ծավալները վկայում են շուկայի մասնակիցների վստահության և հետաքրքրվածության մասին: ԱՀԸ պարտատոմսերը դիտարկվում են այլընտրանքային ներդրման միջոց ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների համար» – նշեց Հայկ Ոսկանյանը:
Ըստ նրա, ԱՀԸ պարտատոմսերի առուվաճառքը երկրորդային շուկայում նույնպես աշխուժանում է, որը լրացուցիչ ազդակ է նրանց որակի և գրավչության։ Նա ավելացրեց, որ պարտատոմսերի այս թողարկումը ևս ներկայացվելու է ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսա և հասանելի կլինի ռեպո գործարքների համար:
Արժեթղթի երկրորդային շուկայի իրացվելիությունը կապահովվի Արմսվիսբանկ ՓԲԸ-ի կողմից:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով:
ԱՀԸ–ն 2011 թվականի նոյեմբերից իրականացրել է ընդհանուր առմամբ 12 տեղաբաշխում մոտ 10,8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով, տասներորդը՝ երեք տարի, իսկ տասնմեկերորդը՝ հինգ տարի մարման ժամկետով:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել ՀՀ ԿԲ-ի կողմից 2011 թ.-ի հոկտեմբերի 19-ին 1/1167А որոշմամբ (թիվ 26 լիցենզիա, 16.06.2009): Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է։
2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 34,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,9 մլրդ: ($1 –ը` 409,46 դրամ)։
-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: