Ամերիաբանկի եվրապարտատոմսերի պորտֆելը երրորդ եռամսյակում աճել է 25%–ով` մինչև 19 մլն դոլար

14.10.2014 17:33
Ամերիաբանկի եվրապարտատոմսերի պորտֆելը երրորդ եռամսյակում աճել է 25%–ով` մինչև 19 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրապարտատոմսերի պորտֆելն Ամերիաբանկի ներդրումային պորտֆելում երրորդ եռամսյակում ավելացել է 25 տոկոսով երկրորդ եռամսյակի համեմատ, մասնավորապես, 15.5 մլն դոլարից մինչև 19 մլն դոլար, ասաց Ամերիաբանկի բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար Էդգար Պետրոսյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց, որ Ամերիաբանկը Հայաստանի առաջին բանկն է, որն իր տեղական հաճախորդներին և արտասահմանյան ներդրողներին եվրապարտատոմսեր ձեռք բերելու հնարավորություն է տվել։ Ըստ նրա, թղթերի նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է եվրապարտատոմսերի գների արագ աճի, արդյունքում եկամտաբերությունը 6.25 տոկոսից նվազել է մինչև 4.85 տոկոս և ամրապնդվել է վերին ցուցանիշում։

«Բնականաբար Լեռնային Ղարաբաղում սրումները և ընդհանուր առմամբ ուկրաինական ճգնաժամի շուրջ քաղաքական դրությունն իրենց բացասական ազդեցությունն են գործել ամբողջ տարածաշրջանի շուկայի վրա։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ այդ լարված ժամանակահատվածում հայկական եվրապարտատոմսերի ներքին պահանջարկը ոչ միայն չի կրճատվել, ավելին` աճել է»,– ասաց Պետրոսյանը։ Ըստ նրա, այժմ եվրապարտատոմսերի դրական դինամիկան վերականգնվել է, և դա ներդրողներին վստահություն է ներշնչում։

Ինչպես կարծում է փորձագետը, եվրապարտատոմսերի թողարկումը դրական է ազդել շուկայի վրա, սակայն դա դեռ բավարար չէ, որ արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն ունենան ներդրումներ կատարել կապիտալի հայկական շուկայում։

«Դեռ մի քանի տարի առաջ եղել են արտասահմանյան ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերում։ Սակայն այժմ տոկոսադրույքները նվազել են, և արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունը մի փոքր մարել է։ Բայց ամեն դեպքում, այսօր մենք կարող ենք հպարտանալ եվրապարտատոմսերի առաջին հաջող տեղաբաշխմամբ։ Դրանք ակտիվ շրջանառվում են երկրորդային շուկայում և պահպանում են իրենց դիրքերը»,– ասաց Պետրոսյանը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։  Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ն։Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվել են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում և առուվաճառքի մասնակցելու թույլտվություն ստացել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև