Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեի ծախսերը ծրագրված են 1 տրլն 298 մլրդ դրամի չափով

28.10.2014 11:57
Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեի ծախսերը ծրագրված են 1 տրլն 298 մլրդ դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի ծախսերը ծրագրված են 1 տրլն 298 մլրդ դրամի չափով, ինչը 52.2 մլրդ. դրամով ավելի է 2014 թվականի պետբյուջեում նախատեսած ծախսերի չափից, երեքշաբթի ասաց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովներում մեկնարկած պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Ըստ նրա` ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին` ընդհանուր ծավալի 91.6 տոկոսը կամ ընդհանուր ծավալի 1 տրլն 189 մլրդ դրամը, իսկ 8.4 տոկոսը կամ 108.9 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։

«Ծախսային մասի գերակա ուղղությունը սոցիալական ծախսերն են` սոցիալական ոլորտին (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծրագրվում է ուղղել ծախսերի ընդհանուր ծավալի 45.9 տոկոսը»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` հրատապ գերակայությունների թվում են պաշտպանական, իրավակարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման ծախսերը` 21.4 տոկոս։

Նա նշեց, որ տնտեսության ոլորտին կուղղվի բյուջետային նախատեսված ծախսերի 9.1 տոկոսը, պետպարտքի սպասարկմանը` 5.7 տոկոսը, համայնքների դոտացիաներին` 3.6 տոկոսը, կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը` 1.5 տոկոսը։

«Հիմնական խնդիրը վճարների պարտքերի կուտակումներ թույլ չտալն է, ինչն ամբողջովին թույլ կտա իրագործել ծրագիրը»,– ասաց Սաֆարյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև