Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը 180-200 մլն դոլար կկազմի

28.10.2014 18:09
Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը 180-200 մլն դոլար կկազմի

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը կկազմի 180-200 մլն դոլար, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ծրագիրը, որի շրջանակում եվրոպացի և ռուս գործընկերների հետ նախատեսվում է գործարկել ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը:

«Խոսքը խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման մասին է, որոնց մակերեսը կազմում է 1 հեկտարից ոչ պակաս: Միաժամանակ վարկերը կտրամադրվեն ջերմոցային տնտեսություններին բավականին մատչելի տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով՝ մինչև 10 տարի», - ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ ծրագիրը կարող է օգնել կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

ԿԲ-ի նախագահը նշեց, որ նմանատիպ ծրագիր արդեն իրականացվում է Հայաստանում, սակայն այն նախատեսված է փոքր ջերմոցային տնտեսությունների համար:

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 842,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև