Անելիք Բանկը նվերների խաղարկություն է հայտարարել դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար

31.10.2014 18:50
Անելիք Բանկը նվերների խաղարկություն է հայտարարել դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դրամական փոխանցումներից օգտվող բոլոր հաճախորդները տարեվերջին կմասնակցեն նվերների խաղարկությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սույն թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները կմասնակցեն նվերների խաղարկությանը:

Խաղարկության մասնակիցները հնարավորություն կստանան շահել խաղարկվող 13 նվերներից մեկը, որոնց թվում կան` Galaxi Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություններ:

«Անելիք Բանկը, լինելով Հայաստանում դրամական փոխանցումներ իրականացնող առաջին բանկերից մեկը, շարունակում է կարևորել համագործակցությունն այս ոլորտի իր գործընկերների հետ: Ավելին, Անելիք Բանկն առաջինն է, որ ներդրել է սեփական դրամական փոխանցումների համակարգը` Anelik-ը», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ շարունակելով զարգացնել բանկային ծառայության այս ուղղությունն, այս տարի Բանկն ավելացրել է դրամական փոխանցումների համակարգերի ցանկը` հասցնելով դրանց թիվը 6-ի (Anelik, MoneyGram, IntelExpress, Avers, Tandem և Sigue Money Transfer):

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ անգամ ևս համոզվել Անելիք Բանկի հաճախորդ լինելու առավելության մեջ և, միաժամանակ, հնարավորություն կունենան ստանալ խաղարկվող նվերներից մեկը:

«Խաղարկությանը մասնակցել և նվերներ շահել կարող են դրամական փոխանցումներ ստացած բոլոր հաճախորդներն` անկախ ստացվող փոխանցումների պարբերականությունից, գումարի մեծությունից և այն հանգամանքից, թե որ դրամական փոխանցման համակարգից են նրանք օգտվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց ($1- 411,26 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև