Հայաստանում ՓՄՁ-ներին ֆինանսավորելու համար Առևտրի և զարգացման սևծովյան բանկը Արդշինինվեստբանկին 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

04.11.2014 19:38
Հայաստանում ՓՄՁ-ներին ֆինանսավորելու համար Առևտրի և զարգացման սևծովյան բանկը Արդշինինվեստբանկին 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՓՄՁ-ներին ֆինանսավորելու համար Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) Արդշինինվեստբանկին 10 մլն դոլարի վարկ է տրամադրել, հայտնում են ԱԶՍԲ-ից:

«Սա Արդշինինվեստբանկի և ԱԶՍԲ-ի միջև կքնված երկրորդ գործարքն է, որը երկու ինստիտուտների միջև ձևավորված փոխադարձ վստահության վկայությունն է», - ասել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նոր վարկի միջոցները կուղղվեն տեղական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք ընդգրկված են Արդշինինվեստբանկի հաճախորդների նպատակային խմբում:

Գրիգորյանը նաև նշեց, որ բանկը կշարունակի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման աջակցությանն ուղղված իր ռազմավարությունը՝ շահավետ պայմաններով տրամադրելով երկարաժամկետ վարկեր:

ԱԶՍԲ-ի տնօրեն Իհսան Ուգուր Դելիկանլին Երևանում վարկային համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ նշեց, որ Հայաստանում ՓՄՁ-ին աջակցելը ԱԶՍԲ-ի ռազմավարական առաջնահերթությունն է, որը համաձայնեցված է հանրապետության կառավարության հետ:

«Նոր վարկը կնպաստի հայկական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը ներկա տնտեսական պայմաններում, երբ ֆինանսավորման հասանելիությունը սահմանափակ է», - ասել է նա:

Հաղորդագրության համաձայն՝ այս համաձայնագիրը կնքվել է երկու երկրների միջև հաջող փոխգործակցության հիման վրա, որը սկսվել է 2012թ.-ին, երբ ստորագրվել է հիփոթեքային վարկավորման համաձայնագիրը: ԱԶՍԲ-ի կողմից Արդշինինվեստբանկին տրամադրված վարկերի համախառն ծավալն այսօրվա դրությամբ արդեն կազմում է 18 մլն դոլար:

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:

ԱԶՍԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։

Բանկի անդամ են ՌԴ-ն, Հունաստանը, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը։ Բանկի նպատակն է զարգացնել տարածաշրջանում առևտրային կապերը, աջակցել միջազգային նախագծերի իրականացմանը, օտարերկրյա ներդրումներին, երաշխիքներ տրամադրել առևտրային և տնտեսական կապերի զարգացման դեպքում ինչպես պետական մակարդակում, այնպես էլ մասնավոր բիզնեսում:

ԱԶՍԲ-ն 1999թ.-ից (հիմնադրման պահից) Հայաստանին տրամադրել է 120 մլն եվրոյի վարկ, որը հիմնականում ուղղված է ՓՄՁ-ի զարգացմանը:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն 2003թ.-ի փետրվարի 27-ին ստացել է բանկային գործունեություն իրականացնելու ՀՀ ԿԲ-ի արտոնագիրը (N 83): Բանկն ունի 55 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 47,1 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով ($1-ը` 412,25 դրամ):-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև