Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ բացվել է «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը

06.11.2014 13:00
Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ բացվել է «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Երևանցի խոջա Գրիգորի կողմից 1664թ. Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին, երեքշաբթի բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ինչպես հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի կողմից՝ բանկի աջակցությամբ և հովանավորությամբ:

Ցուցահանդեսը կոչված է էլ ավելի ճանաչելի դարձնել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում իր ուրույն տեղը զբաղեցնող բազմադարյա հայկական ճարտարապետության աշխարհիկ բնույթի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այդքան հարուստ է  գետառատ Հայկական բարձրավանդակը:

«Մեր հայրենիքը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ, սակայն մի քիչ անարդարացի ձևով ավելի պաշտամունքային կառույցներից ենք տեղյակ, մինչդեռ մենք ունենք նաև այլ կառույցներ: Եվ քանի որ այս տարի բոլորում է Աշտարակի կառույցի 350 ամյակը, մտածեցի անդրադառնալ ամբողջ Մեծ Հայքի տարածքում դարերի ընթացքում ավելի քան 2000 տարվա կամուրջներին և ներկայացնել դրանց մի մասը», - ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանի խոսքերով՝ նախկինում ևս բանկը մի շարք միջոցառումներ է նախաձեռնել, որոնց նպատակը եղել է հայաստանցիներին ճանաչելի դարձնել Հայաստանը:

«Յուրաքանչյուրիս հոգու պարտքը պետք է լինի ճանաչել և սիրել իր երկիրը: Ամեն ինչ պետք է բաժակաճառերի մակարդակից ավելի վեր լինի»,- ասել է նա:

Ցուցադրությունը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ մոտ 220 մլրդ դրամ (3,01 տոկոսի աճ), իսկ կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1,26 տոկոսի անկում): Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 673,2 մլյ դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 3.9 մլրդ դրամ շահույթի համեմատ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ ($1 – 412,25 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև