Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամսում կազմել է 2 350,4 մլն դրամ

06.11.2014 13:17
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամսում կազմել է 2 350,4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 2 350,4 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի 338 միլիոն դրամի դիմաց: Այս մասին նշված է «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի երրորդ եռամսյակում» ամփոփագրում։

Հատկանշական է, որ հայրենական ապահովագրական շուկայում գործող յոթ ընկերություններից վեցը երրորդ եռամսյակը շահույթով են ավարտել և միայն մեկը` Սիլ Ինշուրանսը, 87,5 մլն դրամի չափով վնաս է կրել (2013 թ.-ի երրորդ եռամսյակում ընկերությունը 72 մլն դրամի շահույթ էր գրանցել):

Ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, 2014թ.–ի 9 ամսվա գործունեության արդյունքներով ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը՝ 747 մլն դրամ ցուցանիշով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 407,24 մլն դրամ վնասի համեմատ:

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան` 670,48 մլն դրամ շահույթով` 2013 թ.-ի 9 ամսում գրանցված 73,6 մլն դրամ վնասի համեմատ:

Այնուհետև «Գարանտ Լիմենս»–ն է` 294 մլն դրամ շահույթով (2013թ.–ի 9 ամսում  գրանցած 382,25 մլն դրամ վնասի դիմաց), Արմենիա Ինշուրանսը` 292,8 մլն դրամով (շահույթը՝ 176,5 մլն դրամ), Ռեսոն` 219,86 մլն դրամով (վնասը՝ 136,8 մլն դրամ), Նաիրի Ինշուրանսը` 213,7 մլն դրամ (շահույթը՝ 413,2 մլն դրամ)։
Հարկ է նշել, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ.-ին ավարտել են իրենց գործունեությունը 933 մլն դրամի վնասով՝ 2012 թ.-ին գրանցած 525,4 մլն դրամ շահույթի համեմատ:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 44,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 27,2 մլրդ դրամ, կապիտալը՝ 16,9 մլրդ դրամ:

2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն: Ընդ որում «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը տարեսկզբին միավորվեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱԸ-ի հետ և այսօրվա դրությամբ այլևս ոչ մի գործարք չի իրականացնում ($1 – 413,51 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև