Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամսում աճել են 0,4 տոկոսով՝ կազմելով 1 323 մլն դոլար

06.11.2014 14:37
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամսում աճել են 0,4 տոկոսով՝ կազմելով 1 323 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 0,4 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով», - նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Չորս ամիս անընդմեջ Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների նվազման միտում է նկատվում: Այսպես՝ Հայաստան իրականացրած ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին՝ 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին կազմել է 7,7 տոկոս, սեպտեմբերին՝ 7 տոկոս:

Միջազգային շուկաներում 2014 թ.-ին ռուբլու արժեզրկումը պայմանավորված էր բազմաթիվ գործոններով, որոնց թվում են՝ Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը, հակառուսական պատժամիջոցները, նավթի գների նվազումը, կապիտալի չդադարող արտահոսքը և այլն: Տարեսկզբից ռուբլին դոլարի նկատմամբ էժանացել է ավելի քան 20 տոկոսով և շարունակում է նվազել՝ հաղթահարելով պատմական նվազագույն ցուցանիշները: Նոյեմբերի 6-ի դրությամբ Մոսկվայի բորսայում առավոտյան առուվաճառքի ժամանակ դոլարի արժեքը բարձրացել է՝ հասնելով 45,36 ռուբլու, եվրոյի արժեքը հասել է 56,77 ռուբլու: Հայաստանում այսօր՝ նոյեմբերի 6-ին, ռուբլու փոխարժեքը կազմել է 9,3 դրամ՝ 2014 թ.-ի հունվարի 8-ին գրանցված 12,26 դրամի դիմաց:

ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.-ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 413,51 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև