Հայկական դրամը մեկ շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,8 տոկոսով և ռուբլու նկատմամբ ամրապնդվել է 10 տոկոսով

07.11.2014 19:47
Հայկական դրամը մեկ շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,8 տոկոսով և ռուբլու նկատմամբ ամրապնդվել է 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն ընթացիկ շաբաթ` նոյեմբերի 3-ից 7-ը, գրանցում էր դոլարի նկատմամբ արժեզրկման վառ միտում: Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճեց 0,81 տոկոսով՝ 411,26 դրամից (հոկտեմբերի 31, ուրբաթ) դառնալով 414,6 դրամ (նոյեմբերի 7):

Միջազգային շուկայում ամերիկյան արժույթի ամրապնդման գլխավոր գործոնը քանակական մեղմման ծրագիրը (QE) դադարացնելու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որոշումն է: ԱՄՆ ԴՊՀ-ն հոկտեմբերի 28-29-ը կայացած նիստի արդյունքում հայտարարեց QE ծրագրի ավարտի մասին՝ կրճատելով դրա ծավալները մինչև զրո:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում հոկտեմբերին կազմել է 409,93 դրամ՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 0,27 տոկոսով: Հարկ է նշել, որ հայկական դրամը տարեսկզբից արժեզրկման ցայտուն միտում էր ցուցադրում: Դրամի արժեզրկումը շարունակվեց մինչև ապրիլ, մասնավորապես՝ դոլարի փոխարժեքը 2014 թ.-ի հունվարի կազմում էր 407,35 դրամ, փետրվարին այն աճեց՝ հասնելով 411,54 դրամի, մարտին կազմեց 411,04 դրամ, իսկ ապրիլին աճեց՝ դառնալով 414,31 դրամ: Դրանից հետո հայկական դրամը սկսեց աստիճանաբար ամրապնդվել, և մայիսին դոլարի փոխարժեքը նվազեց՝ հասնելով 413,32 դրամի, հունիսին կազմեց 410,90 դրամ, հուլիսին՝ 407,13 դրամ: Օգոստոսին դոլարի փոխարժեքը կազմում էր 409,49 դրամ, իսկ սեպտեմբերին՝ 408,8 դրամ:

Բացի այդ, այս շաբաթ հայկական դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվեց մոտ 9,9 տոկոսով՝ ռուբլու դիմաց 9,78 դրամից (հոկտեմբերի 31) հասնելով 8,81 դրամի (նոյեմբերի 7): Հարկ է նշել, որ տարեսկզբին (2014 թ.-ի հունվարի 8) ռուբլու փոխարժեքը կազմում էր 12,26 դրամ:

2014 թ.-ին միջազգային շուկաներում ռուբլու արժեզրկումը պայմանավորված էր բազմաթիվ գործոններով, որոնց թվում են՝ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը, հակառուսական պատժամիջոցները, նավթի գների նվազումը, կապիտալի անդադար արտահոսքը և այլն:

Տարեսկզբից ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ էժանացել է միջինը 20 տոկոսով և շարունակում է նվազել՝ հաղթահարելով պատմական նվազագույն ցուցանիշները: Հոկտեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը կազմեց 40 ռուբլին: Այսօրվա դրությամբ այն կազմում է 46 ռուբլի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև