Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ. փոխնախագահ

11.11.2014 12:21
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ. փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի՝ որպես գործընկեր և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող կառույցի հետ դեռևս 1992 թվականին սկիզբ դրված համագործակցությունը:

Նախագահի խոսքերով՝ Համաշխարհային բանկը Հայաստանում երբևէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի և առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարևորություն ունի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ բանկը մեծագույն հաճույքով և պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ` որպես մի գործընկերոջ, որը նաև լավագույն կատարողական վարկանիշն ունի տարածաշրջանում:

Նրա խոսքերով՝ բանկը այսուհետ ևս շարունակելու է օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Լորա Թակը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է այդ հարցում ևս օժանդակել երկրին՝ ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից և հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:

Հայաստանին, որը 1992 թ.-ից ՀԲ-ի անդամ է և 1993թ.-ից IDA-ի անդամ է, այդ երկու կառույցների կողմից այս տարվա օգոստոսի սկզբի դրությամբ ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 1 961,73 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև