Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

11.11.2014 17:52
Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2014թ.–ի հոկտեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջակայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շրջակայքում:

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվում են արտաքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպերը, ինչի ներքո ապրանքահումքային շուկաներում շարունակվում են դրսևորվել գնանկումային միտումներ: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռևս պահպանում են էական անորոշություններ՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
ՀՀ տնտեսությունում 2014 թ. երրորդ եռամսյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, այնուամենայնիվ, տնտեսական աճը շարունակում է մնալ ցածր մակարդակում: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը և ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետում կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Վերջինիս հնարավոր է նպաստի նաև հոկտեմբերից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը: Արդյունքում, 2015 թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշին մոտ` տատանվելով թույլատրելի միջակայքի սահմաններում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ նոյեմբերի 21-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև