Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայէկոնոմբանկի դեպոզիտային վարկանիշը B1–ից մինչև B2, կանխատեսումը` կայուն

11.11.2014 18:19
Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայէկոնոմբանկի դեպոզիտային վարկանիշը B1–ից մինչև B2, կանխատեսումը` կայուն

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է Հայէկոնոմբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1–ից մինչև B2, ասվում է գերատեսչության կայքում։

Բացի այդ, Moody’s–ը բանկի` NotPrime կարճաժամկետ ավանդների վարկանիշն ազգային արժույթով և արտարժույթով, ինչպես նաև ֆինանսական կայունության վարկանիշը «E+» (BFSR) մակարդակում, որը ներկայում «b2» (ավելի վաղ b1) մակարդակում բազային վարկային գնահատական է իրենից ներկայացնում։

«Հայէկոնոմբանկի դեպոզիտային վարկանիշների նվազումն արտացոլում է բանկի` վերջին տարիների թույլ շահութաբերությունը, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում (այսինքն, հաջորդ 18 – 24 ամիսների ընթացքում) եկամուտների բարելավման սահմանափակ հեռանկարներ, ինչպես նաև կապիտալի համեստ նորմատիվային բուֆերը, որը վերջին տարիներին վարընթաց միտում ուներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Moody’s–ի վերլուծաբանները նշում էին, որ բանկի շահութաբերության ցածր մակարդակը պայմանավորված է օպերացիոն ծախսերի աճով, որոնք հիմնականում կապված են, մասնաճյուղային ցանցի ընդլայնման հետ։

Moody’s–ն ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում (առաջիկա 18 -24 ամիսներին) Հայէկոնոմբանկի օպերացիոն գործունեության բարելավումը կսահմանափակվի հատվածի ինտենսիվ մրցակցությամբ, որն արտացոլվում է բանկի եկամտաբերության մակարդակի վրա և լրացուցիչ ներդրումներ է պահանջում մասնաճյուղերի ցանցի պահպանման համար։

Բացի այդ, Հայէկոնոմբանկի ցածր շահութաբերությունը և վարկերի աճը վերջին տարիներին հանգեցրել են կապիտալի բուֆերների կրճատմանը։ Բանկի կապիտալի բավարարության ռեգուլյատիվ ցուցանիշը 2014 թվականի սեպտեմբերի վերջին նվազել է 13.2 տոկոսով 2011 թվականի վերջի 15.5 տոկոսից (նորմատիվ ցուցանիշը` 12%)։

«Բանկի վարկանիշները միաժամանակ պահպանվում են ակտիվների լավ որակով։ Բանկի տվյալներով, 2014 թվականի հունիսի վերջի դրությամբ ավելի քան 90 օրվա ժամկետանց վարկերը կազմում էին համախառն վարկային պորտֆելի 0.4 տոկոսը, որոնք ամբողջովին ծածկվել են պահուստներով»,– ասվում է հաղորդագրությունում։

Գործակալությունը նշում է նաև ադեկվատ լիկվիդայնության առկայությունը բանկում։ Հայէկոնոմբանկի` 2014 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ակտիվների ընդհանուր ծավալի մեկ երրորդը կազմող լիկվիդային ակտիվների զգալի ծավալը բավականին մեղմում է բանկի հաշվեկշռում մարման ժամկետների տարբերության հետ կապված ռիսկերը։

Moody ‘s–ի գնահատականը, նախևառաջ, հիմնված է Հայէկոնոմբանկի` 2013 թվականի աուդիտորական ֆինանսական հաշվետվության վրա։

Հայէկոնոմբանկը համաշխարհային վարկանիշներ ստանալու համար դիմել էր Moody ‘s ընկերությանը 2006 թվականին։ Արդյունքում 2007 թվականի փետրվարի 21–ին գործակալությունը բանկին շնորհել էր E+ ֆինանսական կայունության վարկանիշ և դրամային ու արտարժութային ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշներ։ Հայէկոնոմբանկը դարձել էր առաջին հայկական բանկը, որ ստացել է Moody’s Investors Service գործակալության վարկանիշներ։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են` ՎԶԵԲ–ը` 25%, Սուքիասյան Սարիբեկը`22.6%, Սուքիասյան Խաչատուրը` 19.5%, Սուքիասյան Ռոբերտը` 10.3%։

Բանկի ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ին կազմել են 84.8 մլրդ դրամ (աճը տարեսկզբից` 2.87%, 13-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում), պարտավորությունները` 73.6 մլրդ դրամ (աճը` 16,65% , 12-րդ տեղ), կապիտալը` 11,2 մլրդ դրամ (աճը` 1,9%, 16-րդ տեղ), կանոնադիր կապիտալ` մոտ  2,3 մլրդ դրամ (21-րդ տեղ), վարկային ներդրումներ` 45,8 մլրդ դրամ (աճը` 12,61%, 15-րդ տեղ). Բանկի շահույթը երրորդ եռամսյակի վերջին կազմել է 324.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով  52,4%–ով։ ($1 – 415,30 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև