Հայաստանում ԱՊՊԱ–ի ապահովագրավճարների ծավալը կազմում է տարեկան մոտ 14-15 մլրդ դրամ

12.11.2014 17:55
Հայաստանում ԱՊՊԱ–ի ապահովագրավճարների ծավալը կազմում է տարեկան մոտ 14-15 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարների ծավալը կազմում է տարեկան մոտ 14-15 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը։

Ըստ նրա` 2013 թվականի հետ համեմատական վիճակագրությունը գործնականորեն կայուն է` չկա վճարումների էական աճ, մինչդեռ 2011 թվականի համեմատ ավելացել է համակարգի ինչպես օգտագործողների թիվը, այնպես էլ վճարների ծավալը։

Բաբաջանյանը նշեց, որ ԱՊՊԱ–ի գծով փոխհատուցումների միջին չափն այսօր կազմում է մոտ 200 հազար դրամ։

«2011 թվականին համակարգի ներդրումից հետո աճել է նաև գրանցված վթարների թիվը, ինչը կապված է Հայաստանում ավտոմեքենաների թվի աճի և բոլոր տարածաշրջաններում ԱՊՊԱ համակարգի գործողության տարածման հետ»,– ասաց Բաբաջանյանը։

Նա նշեց նաև, որ եթե ավելի վաղ բազմաթիվ ավտոտերեր փորձում էին լքել վթարի վայրը, ապա այժմ գերադասում են սպասել ապահովագրողներին, ինչի արդյունքում գրանցված վթարների թիվը զգալիորեն աճել է։

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից 2011 թվականի հունիսի 28–ին։ Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով` Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–սեպտեմբերին ԱՊՊԱ–ի գծով վճարել են շուրջ 7 184.87 մլն դրամի 37.111 փոխհատուցում, ինչը 5.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի ապահովագրական ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 44.1 մլրդ դրամ` ավելանալով 6.3 տոկոսով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարտավորությունները` 27.2 մլրդ դրամ (անկումը` 16,8%), կապիտալը` 16,9 մլրդ դրամ (աճը` 17,2%)։Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` կազմել է 2 350.4 մլն դրամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 338 մլն դրամի վնասի դիմաց։ 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ ($1 – 415,30 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև