Համաշխարհային բանկը 75 մլն դոլար վարկ է տրամադրում Հայաստանին մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար

13.11.2014 15:48
Համաշխարհային բանկը 75 մլն դոլար վարկ է տրամադրում Հայաստանին մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար–միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանության ոլորտներում նախատեսված բարեփոխումների իրագործմանը։

Այս ծրագիրը երկրորդն է DPO երեք ծրագրերից, որը կօգնի Հայաստանին իրագործել սեփական ռազմավարական նպատակները, մասնավորապես` աշխատատեղերի ստեղծման հարցում, ինչը Հայաստանի համար զարգացման ճանապարհին հիմնական մարտահրավերն է։

«Զարգացման քաղաքականության գործառնության երկրորդ ծրագիրն ուղղված է տնտեսական աճի և կայունության օժանդակությանը աղքատության կրճատման և ընդհանուր բարեկեցության խթանման հարցերում» – հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը:

Ըստ նրա, ծրագիրն ուղղված է աշխատատեղերի ստեղծմանը մրցունակության ամրապնդման և հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունության բարձրացման միջոցով։

«Աշխատատեղերի ստեղծումը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար։ Այն ոլորտները, որոնցում բարեփոխումներ են իրականացվում, բազմազան են, որովհետև միայն դրա շնորհիվ է հնարավոր դառնում աշխատատեղերի ստեղծումը»,– ասել է Բեյլին։

Նա նշել է, որ ՀԲ–ն Հայաստանի կառավարության հետ համատեղ մի քանի տարվա ռազմավարական տեսլական է մշակել։ ՀԲ–ն պարբերաբար մոնիթորինգ է անցկացնում և ճշգրտումներ կատարում` ելնելով զարգացումներից և փոփոխություններից։

Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանն իր հերթին ավելի մանրամասն ներկայացրեց ծրագրի ուղղությունները։

«Ծրագիրը բաղկացած է հինգ բաղադրիչից։ Դա բիզնես–միջավայրի, պետական կառավարման, ենթակառուցվածքների, սոցիալական հատվածի և բնապահպանության ոլորտի բարելավումն է»,– ասաց Գյուլումյանը։

Նա նշեց ծրագրով առաջարկվող քայլերը, դրանք են`բիզնես–միջավայրի ամրապնդումը տնտեսվարող սուբյեկտների շրջանում վարչական ստուգումների բեռի նվազման միջոցով, ինչպես նաև «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապրանքների մաքսային փաստաթղթերի ձևակերպման և ավիացիայի ոլորտում դիտարկման հարցերով ինստիտուցիոնալ նոր կառույցի ձևավորման ժամանակ։

Բացի այդ, Գյուլումյանի խոսքով, ծրագրվում է ապահովել վարկային ռեսուրսների հասանելիության բարելավման, քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության և թափանցիկության ապահովում, ինչպես նաև սոցիալական պաշտպանության և հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում։

Զարգացման քաղաքականության գործառնության` 75 մլն դոլարի երկրորդ ծրագիրը տրամադրում է ՎԶՄԲ–ն փոփոխվող տոկոսադրույքով 25 տարվա մարման ժամկետով և 14.5–ամյա արտոնյալ ժամանակահատվածով։

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը 2013 թվականի նոյեմբերի 8–ին հաստատել է Հայաստանին 72 մլն դոլարի վարկի տրամադրումը Զարգացման քաղաքականության գործառնության առաջին ծրագրի (First Development Policy Operation – DPO) շրջանակում, որն ուղղված է մակրոտնտեսական կայունության խթանման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունություն ապահովող բարեփոխումներին, բիզնես–միջավայրի և տնտեսական կայունության ընդլայնման բարելավման միջոցով։

Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից և Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ` 1993 թվականից։ Այս ընթացքում Հայաստանին ընդհանուր առմամբ տրամադրվել է 2 036.73 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև