Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

17.11.2014 14:14
Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությանը նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ է սպառնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրիսբենում կայացած G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո լույս տեսած հոդվածում, որը հրապարակվել է The Guardian թերթի կայքում:

«Աշխարհին ծնկի բերած ֆինանսական ճգնաժամից վեց տարի հետո համաշխարհային տնտեսության հեռակառավարման վահանակի վրա կրկին կարմիր լույսեր են առկայծում», - գրում է Բրիտանիայի վարչապետը, հաղորդում է Vestifinance.ru-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Երբ ես Բրիսբենում հանդիպեցի «քսանյակի» գագաթնաժողովի համաշխարհային առաջնորդների հետ, խնդիրներն ակնհայտ էին», -նշում է նա: «Եվրագոտին գտնվում է հնարավոր անկման երրորդ ալիքի եզրին՝ գործազրկության բարձր ցուցանիշով, անկման աճով և գների նվազման իրական ռիսկով: Զարգացող երկրները, որոնք ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում համաշխարհային աճի լոկոմոտիվներն էին, դանդաղեցնում են դինամիկան»:

Համաշխարհային տնտեսության այլ սպառնալիքների թվում նա նշել է համաշխարհային առևտրի հետագա ազատականացմանն ուղղված բանակցությունների լճացումը, Էբոլա տենդի համաճարակը և Մերձավոր Արևելքի հակամարտությունը:

«Բրիսբենում կայացած «քսանյակի» հանդիպումն օգնեց ինձ պարզել, որ մենք Բրիտանիայում պետք է հավատարիմ մնանք երկարատև տնտեսական ծրագրին», - կարծում է Քեմերոնը՝  նկատի ունենալով բյուջետային ծախսերի կոշտ տնտեսման և բյուջետային պակասուրդի կրճատման քաղաքականությունը:

Նա նշում է, որ սխալ է համարում պետական ծախսերի ընդլայնման և պարտքի ավելացման հաշվին տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականությունը:

Քեմերոնն իր հոդվածում գրում է, որ Մեծ Բրիտանիայում գրանցվող տնտեսական վերելքն ապացուցում է, որ իր կառավարությունը ճիշտ ճանապարհով է գնում: Նա նաև զգուշացնում է, որ բրիտանական տնտեսության վրա կարող են ազդել գլոբալ տնտեսությունում աճող բացասական միտումները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև