Հայաստանի ԿԲ–ն դրամի փոխարժեքի պահպանման համար նոյեմբերի այս երկու շաբաթների ընթացքում բորսայում վաճառել է 49 մլն դոլար

17.11.2014 20:05
Հայաստանի ԿԲ–ն դրամի փոխարժեքի պահպանման համար նոյեմբերի այս երկու շաբաթների ընթացքում բորսայում վաճառել է 49 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ն դրամի փոխարժեքի պահպանման համար նոյեմբերի 3-16–ը NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 49 մլն դոլար, նշում է կարգավորիչի կայքը։

Կենտրոնական բանկը միաժամանակ նոյեմբերի 3-9–ն արժութային շուկայում վաճառել է 11.6 մլն դոլար` 414.73 դրամ մեկ դոլարի համար միջին կշռված փոխարժեքով, իսկ նոյեմբերի 10–16–ը` 37.4 մլն դոլար` 415.17 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Հատկանշական է, որ նախորդ շաբաթ 38.2 մլն դոլարի չափով իրականացված բորսայական արժութային գործարքների համախառն ծավալի 97.9 տոկոսը բաժին է ընկել կարգավորիչին, իսկ մեկ շաբաթ առաջ այդ հարաբերակցությունը կազմում էր 54 տոկոս` բորսայում 21.45 մլն դոլարի գործարքների համախառն ծավալի դեպքում։

ԿԲ-ի` նման ծավալով ինտերվենցիաները վերջին երկու շաբաթում բացատրվում է հայկական դրամի արժեզրկմամբ, որը սկսվել է հոկտեմբերի վերջից և շարունակվում է մինչ օրս։ Այսպես, կարգավորիչի տվյալներով, նոյեմբերի 17–ին դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 415.7 դրամ` ամսվա սկզբի համեմատ ավելանալով 1 դոլարով։ Դա տարեսկզբից գրանցված ամենաբարձր փոխարժեքն է։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերին արժութային շուկայում կազմել է մեկ դոլարի դիմաց 409.93 դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 0.27 տոկոսով։ Արժութային շուկայում դրամի արժեզրկման միտումը պետք չէ կապել սեզոնային գործոնի հետ, քանի որ նախորդ տարվա հոկտեմբերին և նոյեմբերին դրամը, հակառակը, ամրացել է։

Մասնավորապես, դոլարի փոխարժեքը 2013 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին կազմում էր, համապատասխանաբար, 406.11 և 405.01 դրամ։

Ինչպես կարծում են փորձագետները, միջազգային շուկաներում ամերիկյան արժույթի արժևորման գլխավոր գործոնն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումն էր` քանակական մեղմման ծրագրի (QE) փակման մասին։ ԱՄՆ ԴՊՀ–ն հոկտեմբերի 28-29–ին հայտարարել է QE–ի փակման մասին` զրոյի հասցնելով դրա ծավալը։
Հարկ է նշել, որ հայկական դրամը տարեսկզբին նույնպես ակնհայտ արժեզրկման միտում էր դրսևորում, որը շարունակվում էր մինչև ապրիլ, ինչի հետևանքով դրամը թուլացել է մոտ 2 տոկոսով։ Մասնավորապես, 2014 թվականի հունվարին դոլարի փոխարժեքը կազմում էր 407.35 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ փետրվարին այն աճեց մինչև 411.54 դրամ մեկ դոլարի դիմաց, մարտին կազմեց 411.04 դրամ, իսկ ապրիլին աճեց մինչև 414.31 դրամ։ ԿԲ–ն, ձգտելով պահպանել դրամի կայունությունը, հունվարից մինչև մարտ կանոնավոր կերպով ինտերվենցիաներ էր կատարում` վաճառելով ավելի քան 137 մլն դոլար արժույթ։ Այն պահին ապրիլյան ռեկորդային արժեզրկումից հետո դրամը սկսեց աստիճանաբար ամրանալ, և մայիսին դոլարն արժեզրկվեց մեկ դոլարի դիմաց մինչև 413.32 դրամ, հունիսին` մինչև 410.90 դրամ, հուլիսին` մինչև 407.13 դրամ։ Օգոստոսին փոխարժեքը կազմեց մեկ դոլարի դիմաց 409.49 դրամ, իսկ սեպտեմբերին` 408.8 դրամ։ Հոկտեմբերին, ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ–ի դոլարի միջին փոխարժեքն արժութային շուկայում կազմեց 409.93 դրամ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, տարեսկզբից մինչ օրս կարգավորիչն արժութային շուկայում վաճառել է մոտ 191.63 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն  դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև