Արժութային փոխարժեքը Հայաստանում հազիվ թե հասնի 500 դրամի մեկ դոլարի դիմաց. տնտեսագետ

24.11.2014 19:39
Արժութային փոխարժեքը Հայաստանում հազիվ թե հասնի 500 դրամի մեկ դոլարի դիմաց. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքը հազիվ թե հասնի 500 դրամի մեկ դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը կտված բացառիկ հարցազրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում նոյեմբերի 24–ին, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, աճել է 16.6 կետով և հասել 435 դրամի` մեկ դոլարի դիմաց` թարմացնելով 8–ամյա առավելագույն ցուցանիշը։

Վերջին անգամ Հայաստանում դոլարի փոխարժեքն այդ մակարդակում եղել է 2006 թվականի մայիսին (24.05.2006)` մեկ դոլարի դիմաց 435.28 դրամ, իսկ արդեն տարեվերջին փոխարժեքը կազմում էր 363.5 դրամ մեկ դոլարի դիմաց։ Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, դոլարի փոխարժեքն ամսվա սկզբից աճել է 5.8 տոկոսով։

Ըստ նրա` փոխարժեքի հետագա փոփոխութնունը հնարավոր է ինչպես դեպի բարձրացում, այնպես էլ դեպի նվազում, կախված նրանից, թե որքանով ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պետական պահուստները թույլ կտան օգտագործել արժութային ինտերվենցիաները։

Մյուս կողմից, ինչպես նշեց փորձագետը, դժվար է կանխատեսել, թե որն է լինելու Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքական երկխոսության ելքը, բայց նրանց հարաբերությունների բարելավումն անպայման կարտացոլվի ինչպես փոխարժեքի հարաբերակցության, այնպես էլ շուկայական հարաբերությունների և գործարար ակտիվության վրա։

«Մոտ երկու ամիս առաջ կանխատեսում էինք այն, ինչ կատարվում է ներկայում, բայց նույն հաջողությամբ կանխատեսել այն, ինչ կկատարվի տարեվերջին, գործնականում  անհնար է։ Կարող եմ միայն ասել, որ հազիվ թե մեզ հաջողվի վերադառնալ մեկ դոլարի դիմաց 400 դրամից ցածր ցուցանիշի, այդ հարաբերակցությունն արդեն կընդգրկվի պատմության մեջ, բայց կհասնի՞, արդյոք, 500 դրամի, չեմ կարծում»,– ասաց Մանասերյանը։

Ըստ նրա` արժութային փոխարժեքը կտատանվի մեկ դոլարի դիմաց 450-460 դրամի շուրջ, բայց ոչ առաջիկա օրերին։

Հայկական դրամի արժեզրկումը սկսվել է հոկտեմբերի վերջից և շարունակվում է մինչ օրս։ Դրամի փոխարժեքը կայունացնելու և պահելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին երեք շաբաթվա ընթացքում արժութային շուկայում վաճառել է 60.75 մլն դոլար։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ օրս կարգավորիչն արժութային շուկայում վաճառել է մոտ 203.38 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև