Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 50 տոկոսով

02.12.2014 21:09
Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 50 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է մոտ 50 տոկոսով` կազմելով շուրջ 39 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տվյալ ցուցանիշը պայմանավորված է հիմնականում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելով, որտեղ բացի գումարայինից գրանցվել է նաև ներդրված ավանդների քանակի աճ:

«Ավանդային պորտֆելի զգալի աճը, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունեն հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, վկայում է մեր Բանկի հանդեպ տարեցտարի ավելացող վստահության մասին: Վստահությունն Անելիք Բանկի նկատմամբ պայմանավորված է Բանկի շուրջ քառորդդարյա գործունեությամբ, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ և, իհարկե, սպասարկման պատշաճ մակարդակով: Այս ցուցանիշի գրանցմանը նպաստել են նաև ամռանը ներդրված «Ամառային» ավանդատեսակը, ինչպես նաև դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկության ակցիան»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ երրորդ եռամսյակում գրանցվել է նաև ֆիզիկական անձ ավանդատուների թվի ավելի քան 22% աճ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև