Հայաստանի ԿԲ–ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և հաստատում է շուկայում իրավիճակը կայունացնելու իր պատրաստակամությունը

02.12.2014 21:37
Հայաստանի ԿԲ–ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և հաստատում է շուկայում իրավիճակը կայունացնելու իր պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և հաստատում է շուկայում իրավիճակը կայունացնելու իր պատրաստակամությունը, նշվում է ԿԲ–ի հաղորդագրությունում։

Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 1–ի ցուցանիշի համեմատ, աճել է 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ։

«Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,– նշվում է ուղերձում։

Կենտրոնական բանկի համաձայն, վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

Կենտրոնական բանկը կարծում է, որ այս տատանումները կարճաժամկետ բնույթ են կրում և հաստատում է իր գործիքներով շուկայում իրավիճակը կայունացնելու իր պատրաստակամությունը։

Կենտրոնական բանկը միաժամանակ հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը կտրուկ աճել էր 16.6 կետով` մինչև 435 դրամ մեկ դոլարի դիմաց` թարմացնելով իր 8–ամյա առավելագույն ցուցանիշը։ Բացի այդ, եվրոյի փոխարժեքը նոյեմբերի 21–ի համեմատ աճել է 19.38 դրամով` նոյեմբերի 24–ին կազմելով 539.53 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Կենտրոնական բանկը դրամի արժեզրկումն անվանել է արժութային փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև