ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

08.12.2014 14:33
ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ. նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ, հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամուլի ծառայությունը:

«ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ ՀԿԴ-ն կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին:

Հիշեցնենք նաև, որ ՀԿԴ-ն «ANNA» ասոցիացիայի Գործընկեր էր դեռևս 2009 թվականի հունիսից և մինչ օրս տարբերակիչ ծածկագրեր է շնորել ավելի քան 1400 արժեթղթերի:

Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA) մասին ANNA ասոցիացիան ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադիր 22 համարակալման ազգային գործակալությունների կողմից՝ արժեթղթերին և ֆինանսական այլ գործիքներին շնորհվող ծածկագրերի միջազգային միասնական չափանիշների մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ANNA-ն անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրեր (ISIN)` ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրեր (CFI)` ISO 10962 ստանդարտին համապատասխան: Ներկայումս ANNA-ն միավորում է մոտ 100 երկրների համարակալման ազգային գործակալությունների:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստր ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև