Եվրոն կսկսի արժեզրկվել 2015 թ.–ի ամռանը. հայ տնտեսագետ

08.12.2014 19:58
 Եվրոն կսկսի արժեզրկվել 2015 թ.–ի ամռանը. հայ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոն կսկսի արժեզրկվել 2015 թ.–ի ամռանը, երկուշաբթի լրագրողներին ասաց  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքերով` Եվրոպական ԿԲ–ի կողմից իրականացված քաղաքականության արդյունքում եվրոյի քանակը տնտեսության մեջ չի ավելացել։

«Սակայն նախատեսվում է, որ մինչև ամառ եվրոյի քանակը շրջանառության մեջ կմեծանա, ինչը, բնականաբար, կհանգեցնի դրա արժեզրկմանը», – ասաց Խաչատրյանը։

Եվրոպական կենտրոնական բանկը 2014 թ.–ի հոկտեմբերին սկսել է քանակական մեղմման սեփական ծրագիրը (QE): Եվրագոտու ԿԲ–ն կգնի ակտիվներով ապահովված արժեթղթերի լայն շրջանակ (ABS)։ Եվրոպական կենտրոնական բանկը 2015 թ.–ի հունվարին կայանալիք հաջորդ նիստի ընթացքում կքննարկի եվրագոտում սուվերեն պարտատոմսերի գնման լայնամասշտաբ ծրագրի գործարկման հնարավորությունը։

Հարկ է նշել, որ Հայաստանի արժութային շուկայում եվրոյի տատանումները գրանցվել են բարձր փոփոխականությամբ։ Մասնավորապես, հունվարին եվրոյի փոխարժեքը կազմել է միջինը 554,31 դրամ, իսկ մարտին հասել է 572,48 դրամի։ Ապրիլից եվրոյի փոխարժեքն աստիճանաբար նվազել է միջազգային շուկաներում բոլոր ազգային արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդման ֆոնին։ ՀՀ ԱՎԾ վերջին տվյալների համաձայն` հոկտեմբերին եվրոյի փոխարժեքը նվազել է` հասնելով 1 եվրոյի դիմաց 519,44 դրամի։ Այսօր փոխարժեքը կազմում է 554,72 դրամ` ԿԲ–ի կողմից իրականացրած հայկական դրամի փոխարժեքի շտկման արդյունքում  վերադառնալով տարեսկզբին գրանցված ցուցանիշին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև