Դրամի արժեզրկումը կավելացնի վարկային բեռն ու Հայաստանի բնակիչների ավանդների դոլարացումը

09.12.2014 13:40
Դրամի արժեզրկումը կավելացնի վարկային բեռն ու Հայաստանի բնակիչների ավանդների դոլարացումը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում դոլարի փոխարժեքը նոյեմբերի 24–ին բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ դեկտեմբերի 2–ին դոլարի փոխարժեքը թարմացրեց նոր առավելագույն ցուցանիշը` ավելանալով 7,07 կետով և 1 դոլարի դիմաց կազմելով 442,33 դրամ, իսկ այսօր այն արդեն կազմում է 452,50 դրամ։

Հայաստանում վարկերի դոլարացման մակարդակը 2014 թ.–ի հոկտեմբերին կազմել է 62,3 տոկոս, ինչը դրամի արժեզրկման պայմաններում ավելացնում է բնակչության վարկային բեռը։ Հաշվի առնելով դրամի թուլացումը տարեսկզբից` բնակչության մոտ 8,2 տոկոսը միայն փոխարժեքի տարբերության հետևանքով կենթարկվի ավելի քան 96,9 մլրդ դրամի լրացուցիչ վարկային ծանրաբեռնվածության։

ԿԲ–ի տվյալներով` 2014 թ.–ի հոկտեմբերի դրությամբ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի մասնաբաժինը հինգ տարում ավելացել է` 56 տոկոսով դառնալով 62,3 տոկոս։ Միաժամանակ արտարժութային վարկերի ծավալը հոկտեմբերին կազմել է մոտ 1 182,7 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 9,8 տոկոսով, իսկ դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով` հասնելով 812,7 մլրդ դրամի։

Փոխառուների կողմից արտարժութային վարկերի նկատմամբ բարձր պահանջարկը հիմնականում պայմանավորված է դրամային վարկերի տոկոսադրույքների համեմատ ցածր տոկոսադրույքներով։ Այսպիսով, կարգավորիչի տվյալներով` 2014 թ.–ի հոկտեմբերին մինչև մեկ տարի ժամկետով դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքները կազմել են 9,84 տոկոս, դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները` 15,1 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքները կազմել են 11,79 տոկոս, դրամով` 17,13 տոկոս։

Հարկ է նշել, որ բնակչությունն իր եկամուտները ստանում է հիմնականում ազգային արժույթով, և արտարժութային վարկերի փոխառուները դոլարի փոխարժեքի աճի պատճառով բախվում են վարկի մարման լրացուցիչ ծախսերի հետ։

Միաժամանակ դրամի արժեզրկումը արժութային շուկայում գոյություն ունեցող իրարանցման պայմաններում, չնայած դրամային դեպոզիտների բարձր տոկոսադրույքներին, կարող է հանգեցնել բնակչության խնայողությունների վերաբաշխման` ազգային արժույթից դոլարային արժույթի, ինչն իր հերթին կբարձրացնի դեպոզիտների դոլարացումը։

ԿԲ տվյալների համաձայն` մինչև մեկ տարի ժամկետով դրամային դեպոզիտների տոկոսադրույքները հոկտեմբերին կազմել են 10,54 տոկոս, իսկ դոլարային դեպոզիտների տոկոսադրույքը` 6,5 տոկոս։ Մեկ տարուց ավել ժամկետով դրամով դեպոզիտների տոկոսադրույքները կազմել են 12,55 տոկոս, իսկ դոլարային դեպոզիտների տոկոսադրույքը` 7,36 տոկոս։

Ավանդների դոլարացման աճի հետ կապված նման իրավիճակ էր գրանցվել նաև 2009 թ.–ին, երբ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին ԿԲ–ի որոշումից հետո գրանցված դրամի անկումից անմիջապես հետո դոլարացման մակարդակը 2008 թ.–ին գրանցված 44,1 տոկոսից բարձրացել էր` 2009 թ.–ի մարտին կազմելով 66,6 տոկոս, իսկ 2009 թ.–ի վերջին այդ ցուցանիշը հասել էր իր պատմական առավելագույն սահմանակետին` 68,6 տոկոս։

Սակայն հայկական տնտեսության կայունացման ֆոնին դեպոզիտների դոլարացման մակարդակը սկսեց նվազել և 2014 թ.–ի հոկտեմբերին հասավ 58,6 տոկոսի։ Բանկերում ռեզիդենտների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերին կազմել է 734,7 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 6,7 տոկոսով, իսկ դրամային ավանդներն ավելացել էին 12,7 տոկոսով և կազմել 518,7 մլրդ դրամ։

Ակնհայտ է, որ դոլարացումը բավականին տարածված երևույթ է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների համար, և այն առաջանում է բարձր գնաճի և/կամ արժեզրկման ժամանակահատվածից հետո։ Իրական և ֆինանսական գործառնությունների համար դոլարի աճող օգտագործումը հաճախ իրենց ներկայացնում է սեփական արժույթի անկայունության նկատմամբ բնակչության արձագանք։

Չնայած վերջին տարիներին Հայաստանում ավանդների դոլարացման մակարդակը նվազել է, այն դեռևս մնում է համեմատաբար բարձր։ Փորձագետները կարծում են, որ երկրում դոլարացման մակարդակի նվազմանը հիմնականում խոչընդոտում են ներկրման (ՀՆԱ–ի մոտ 45 տոկոսը) և մասնավոր փոխանցումների (ՀՆԱ–ի մոտ 17 տոկոսը) մեծ ծավալները և բնակչության կողմից բարձր գնաճային սպասումները։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում դրամի հետ, մի շարք հայ փորձագետներ կապում են արտաքին գործոնների ազդեցության, մասնավորապես` Հայաստանի գործընկեր երկրներում գոյություն ունեցող տնտեսական իրավիճակի հետ, որտեղ գրանցվել է տնտեսության անկում և ազգային արժույթի արժեզրկում, ինչպես նաև այս ամենը կապում են ապրանքահումքային և միջազգային ֆինանսական շուկաներում ձևավորված իրավիճակի հետ։

Միաժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ հայկական դրամը շատ չի արժեզրկվի, չնայած նրա գնահատականներով` արժեզրկման ռիսկը կարող է պահպանվել մինչև մարտ։ Նա չի բացառում, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների չեղյալ հայտարարելուց կամ թուլացումից, ռուբլու ամրապնդումից հետո հայկական դրամը կսկսի աստիճանաբար կայունանալ։ Խաչատրյանը կանխատեսում է, որ ավելի լուրջ փոխարժեքային տատանումները շոշափելի կդառնան հունվարից հետո ԵՏՄ–ի շրջանակում ռուսական տնտեսության հետ հայկական տնտեսության մերձեցման հետևանքով։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով` Հայաստանի արժութային փոխարժեքը դժվար թե հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի, այն կարող է տատանվել 1 դոլարի դիմաց 450–460 դրամի սահմանում։ «Փոխարժեքի հետագա փոփոխությունը հնարավոր է ինչպես դեպի բարձրացում, այնպես էլ նվազում` կախված այն բանից, որքանով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի պետական պահուստները թույլ կտան օգտագործել ռեսուրսները արժութային միջամտությունների համար»,– նշել է փրոձագետը։

Արժութային շուկայում իրավիճակի կայունացման և արժութային շահարկումները զսպելու նպատակով ՀՀ ԿԲ–ն գործարկել է իր մի շարք գործիքները` գրեթե կրկնակի անգամ բարձրացրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10,25 տոկոսից հասցնելով 21 տոկոսի և սկսել է արժութային միջամտություններ (վաճառք) իրականացնել ավելի վաղ հայտարարված արժույթի քանակով ամենօրյա աճուրդների միջոցով։

Ըստ ԿԲ–ի` նոր քաղաքականության իրականացումը պայմանավորված է արժութային շուկայում ստեղծված իրավիճակի կարգավորման, փոխարժեքի տատանումների հարթեցման և արժութային շուկայում հաշվեկշռի վերականգնման անհրաժեշտությամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև