«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո վարկ

09.12.2014 16:52
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո վարկ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ, հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Վարկային և ծրագրային համաձայնագրերը դեկտեմբերի 9-ին ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը։

Ընդ որում, 75 մլն եվրո բանկը կտրամադրի սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից:

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 մլն եվրո: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն վերջնական շահառու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:

2012 թվականին Հայաստանն ու Վրաստանը սկսել են Վրաստան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդումների հերթական գծի կառուցումը, որը կկապի Մառնեուլի ենթակայանը Հայաստանի Հրազդանի ՀԷԿ–ի հետ։ ԷՀԳ–ն կապահովի Վրաստանում արտադրած էլեկտրաէներգիայի մատակարարումներ դեպի Իրան Հայաստանի միջով։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև