«Կամուրջ» ՈՒՎԿ-ն լայնացնում է հիփոթեքային վարկերի մատչելիությունը

15.12.2014 18:12
«Կամուրջ» ՈՒՎԿ-ն լայնացնում է հիփոթեքային վարկերի մատչելիությունը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ների վարկային ծրագրերին, ինչի շնորհիվ այսուհետ կտրամադրի մատչելի հիփոթեքային, վերանորոգման վարկեր, ինչպես նաև վարկեր, որոնք ուղղված են բնակարանների էներգախնայողության բարձրացմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը, «Նոր Տուն», «Խնայող Տուն», «Նորացված Տուն», «Երիտասարդ Ընտանիքին՝ Մատչելի Բնակարան»  վարկատեսակների անվանումները կօգնեն հաճախորդներին ճիշտ կողմնորոշվել և կատարել անհրաժեշտ վարկատեսակի ընտրություն:

«Նշված վարկատեսակներից «Խնայող տուն», «Նորացված տուն» վարկատեսակները հաճախորդներին նաև հնարավորություն են տալիս անշարժ գույքի վերանորոգման դեպքում, եթե վերանորոգումը ուղղված է էներգախնայողությանը, ստանալ դրամաշնորհ՝ վարկի գումարի 5-10%-ի չափով, որը, կարծում եմ, լրացուցիչ խթան է հաճախորդների համար օգտվել հենց նշված վարկատեսակներից»,- ասաց նա:

Արևյանի խոսքերով` վարկատեսակների տոկոսադրույքները տատանվում են 5,8-14%-ի սահմաններում։

Բացի վերը նշված նոր վարկատեսակներից, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը շարունակում է տրամադրել պարզ և հասանելի գյուղատնտեսական, սպառողական և բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներ, որոնք առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, հաճախորդների կարիքներին և բիզնեսի ու գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով և տրամադրման արագությամբ

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին վերակազմավորման արդյունքում: «Կամուրջ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post