ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը. հայտարարություն

17.12.2014 14:55
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար, ասված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ, որը ներկայացրել է կառավարության մամլո գրասենյակը։:

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում և այսօրվա դրությամբ կազմում է 490,34 դրամ։

Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

Վարչապետի խոսքերով, Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

«Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»,–ասված է հայտարարությունում:

Հայտարարության մեջ ասված է, որ այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը կտա մանրամասն պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,–ընդգծված է հայտարարությունում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև