Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի. Ջավադյան

17.12.2014 16:15
Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում և այսօրվա դրությամբ կազմում է 490,34 դրամ։

Ջավադյանի խոսքերով` նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։

«Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո», – ասաց նա։ Միաժամանակ ԿԲ նախագահը ժամկետներ չնշեց։

«Ազգային արժույթը կարժևորվի, սակայն ժամկետները կախված են նաև շուկայում բնակչության վարքից, որը անհիմն խուճապային ֆոն է ստեղծում», – ասաց նա։

Ջավադյանը նաև նշեց, որ խուճապային ֆոնն առավելապես պայմանավորված է Ռուսաստանում տիրող իրավիճակով։ Նա նաև զգուշացրեց սպեկուլյացիաների համար նախատեսված պատասխանատվության մասին` կոչ անելով բնակչությանը ձեռնպահ մնալ անհիմն արտարժութային գործառնություններից և իրավիճակից օգուտ քաղելու փորձերից, քանի որ դա կարող է հանգեցնել մեծ ֆինանսական կորուստների։

Նրա խոսքերով` նմանատիպ իրավիճակ էր գրանցվել հարևան Վրաստանում, սակայն այդ երկրում խուճապը բավականին շուտ անցավ, և իրավիճակը կայունացավ։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,–ընդգծված է հայտարարությունում»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև