Երևանի փոխանակման կետերում արժույթի փոխարժեքները սկսել են իջնել ԿԲ ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո

18.12.2014 14:33
Երևանի փոխանակման կետերում արժույթի փոխարժեքները սկսել են իջնել ԿԲ ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի և եվրոյի փոխարժեքները Երևանի փոխանակման կետերում անկման միտում են ցուցաբերում ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի երեկվա հայտարարությունից հետո։

Մասնավորապես, ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում և բանկերում վաճառվում է 490-520 դրամ $1 համար, իսկ գնման գինը 450-480 դրամ է, այն դեպքում, երբ մեկ օր առաջ դոլարը վաճառվում էր 550-560 դրամի սահմաններում, իսկ գնման գինը կազմում էր 525-540 դրամ։

Նշենք, որ դոլարի պաշտոնական փոխարժեքը նախօրեին աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին բորսայական փոխարժեքը հասավ 560 դրամի։

Դոլարի փոխարժեքի անկման հետ միաժամանակ իջնում է նաև եվրոյի փոխարժեքը։ Այսպես, փոխանակման կետերում և բանկերում եվրոն վաճառվում է 618-640 դրամով,, գնվում է 550-580 դրամով մեկ եվրոյի համար։

Ընդ որում, եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 17-ին աճեց 42,74 կետով և կազմեց 656,94 դրամ մեկ եվրոյի համար։ Միաժամանակ նախօրեին փոխանակման կետերում և բանկերում եվրոն գերազանցեց 700 դրամի սահմանագիծը։ Եվրոն վաճառվում էր 680-720 դրամ, իսկ գնվում էր 650-680 դրամով մեկ եվրոյի համար։

Ուշագրավ է, որ Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Ջավադյանի խոսքով` նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։ Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո։ Ազգային արժույթը կարժևորվի, սակայն ժամկետներ ԿԲ նախագահը չնշեց։

Իսկ չորեքշաբթի տարածված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ նշված էր, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։ Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Վարչապետի խոսքերով` Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև