Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

19.12.2014 18:25
Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել, ևս  75 միլիոն ԱՄՆ դոլար գումար էլ կհատկացնի  հաջորդ շաբաթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

Համաշխարհային բանկն ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատեl, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք  շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը, - ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»:

Հաղորդագրության համաձայն, այս պահին իրականացման ակտիվ փուլում են գտնվում Համաշխարհային բանի 13 ճյուղային ծրագրեր: Նշված են այդ ծրագրերի մի մասը.
• գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին;
• ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով;
• վերջին 4 տարվա ընթացքում եռապատկվել է  համակարգիչներից օգտվողների թիվը;
• բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և խթանվել է  ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիս-արևելյան շրջաններում;
• համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրերի շրջանակում  ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար;
• գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել են 100 բժշկական կենտրոններ;
• 200 պետական բժշկական կենտրոններ ապահովվել են ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով;
• վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ;
• իրականացվել են նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագրեր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա;
• օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում:

Օրերս Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2014թ.–ի ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը (SPAP2) և Կրթական բարելավումների ծրագիրը (EIP): Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (CARMAC2), լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն  2015թ. սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար:

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի  քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, - ասաց Բեյլին, - 2014թ.–ի գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:

Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում:  Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015թ. ընթացքում: 2015թ. Բանկը նաև կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ գործառնությունները և կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև