Հայկական դրամի նախատոնական արժեզրկումը

30.12.2014 20:27
Հայկական դրամի նախատոնական արժեզրկումը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը սկսվեց աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակի սրման, հումքային շուկաներում լուրջ անկումների և ռուսական ռուբլու արժեզրկումների ֆոնին։

Դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։

Փորձագետները` արժեզրկման մասին

Անկախ փորձագետներն ու պաշտոնական աղբյուրները դրամի արժեզրկման պատճառները հիմնականում կապում էին արտաքին գործոնների հետ։ Սակայն դրանցից ոմանք ստեղծված իրավիճակի նաև այլ գնահատականներ էին տալիս։

Մասնավորապես, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի կարծիքով, դրամի արժեզրկումը պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով` տնտեսապես ոչ շատ բարենպաստ իրավիճակով, տնտեսության աճի ցածր տեմպերով և արտաքին գործոններով։ Փորձագետը նշել է, որ ստեղծված իրավիճակը  ֆինանսական հոսքերի, մասնավորապես, ներդրումների նվազման հետևանք է։

Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, դրամի անկայունության է հանգեցրել արտահանման և ներկրման ծավալների միջև անհավասարակշռությունը, քանի որ ազգային արժույթի կայունության գլխավոր պայմանն արտահանման և ներկրման ճիշտ հարաբերակցությունն է։

Հարկ է նշել, որ ԿԲ–ն դրամի արժեզրկումն անվանեց արժութային փոխարժեքի շտկում ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արժութային պահուստների պահպանման նպատակով։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ հայկական դրամը շատ չի արժեզրկվի, չնայած նրա գնահատականներով` արժեզրկման ռիսկը կարող է պահպանվել մինչև մարտ։ Նա չի բացառում, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների չեղյալ հայտարարելուց կամ թուլացումից, ռուբլու ամրապնդումից հետո հայկական դրամը կսկսի աստիճանաբար կայունանալ։ Խաչատրյանը կանխատեսում է, որ ավելի լուրջ փոխարժեքային տատանումները շոշափելի կդառնան հունվարից հետո ԵՏՄ–ի շրջանակում ռուսական տնտեսության հետ հայկական տնտեսության մերձեցման հետևանքով։

Ինչպես հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, փոխարժեքի տատանումը հայկական տնտեսական իրականության օբյեկտիվ արտացոլումն է։ Նա կարծում է, որ շուկայում առկա են սպեկուլյատիվ երևույթներ։ Միաժամանակ, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսն իր հերթին հայտնեց, որ երկրում արժութային փոխարժեքի տատանումը թույլ կտա պահպանել արտահանման մրցունակությունը և բարձրացնել տրանսֆերտների գնողունակությունը, նշելով, որ հայկական դրամի արժեզրկումն այն մեխանիզմն է, որով տնտեսությունը հարմարվում է նոր պայմաններին։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով` Հայաստանի արժութային փոխարժեքը դժվար թե հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի, այն կարող է տատանվել 1 դոլարի դիմաց 450–460 դրամի սահմանում։ «Փոխարժեքի հետագա փոփոխությունը հնարավոր է ինչպես դեպի բարձրացում, այնպես էլ նվազում` կախված այն բանից, որքանով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի պետական պահուստները թույլ կտան օգտագործել ռեսուրսները արժութային միջամտությունների համար»,– նշել է փորձագետը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հավաստիացրեց, որ կառավարությունը հետագայում էլ հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից հետ պահելու համար։ Կառավարության ղեկավարությունը երկրի ֆինանսական շուկայի ներկայիս գործընթացները կապեց տարածաշրջանային գլոբալ գործընթացների հետ, որոնք զուրկ են ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից։

Բնակչությունը և սպեկուլյանտները

Դրամի արժեզրկումը մեծ իրարանցում առաջացրեց բնակչության շրջանում։ Դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում մեկ դոլարի դիմաց հասավ 600 դրամի։ Միաժամանակ սպեկուլյացիաները արժութային շուկայից տեղափոխվեցին սպառողական շուկա. աճեցին ոչ միայն ներկրվող ապրանքների, այլև` տեղական ապրանքների գները։ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով` դրամի արժեզրկումը հանգեցրեց  Հայաստանի բոլոր ապրանքների 15-20%-անոց թանկացման։ Մարդիկ ինքնամոռաց սկսեցին գնել թանկացած դոլարն ու մթերքը։

Կենտրոնական բանկը զգոն է

Հայաստանի ԿԲ–ն դեռ 2014 թվականից սկսեց ավելի կոշտ սցենարներով սթրես–թեստեր անցկացնել ներքին և արտաքին գործոնների` Հայաստանում հնարավոր անբարենպաստ զարգացումների ազդեցության գնահատման համար։ Ավելի կոշտ սթրես–թեստերով սկսեցին գնահատվել ապրանքային, այդ թվում` նավթային, ինչպես նաև արժութային շուկաների ազդեցությունները Հայաստանի տնտեսության ֆինանսական համակարգի վրա։ Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արժութային շուկայում սկսվեցին արժեզրկման ճնշումներ, որոնք ստիպեցին ԿԲ–ին արժութային շուկայի ինտերվենցիաներ կատարել։ Միայն նոյեմբերին Կենտրոնական բանկը կտրուկ տատանումները մեղմելու համար NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում վաճառեց 93,84 մլն դոլար (նոյեմբերի բորսայական արժութային գործարքների համախառն ծավալի 98,3%)։

Ստեղծված իրավիճակի գնահատման և վերլուծության համար ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ։ Բացի այդ, նոյեմբերի վերջին կարգավորիչն անցավ առևտրային բանկերի հետ ավելի սերտ աշխատանքի, ակտիվ հանդիպումների և խորհրդատվությունների։ Կենտրոնական բանկն ուժեղացրեց նաև բանկերի, մասնավորապես, ընթացիկ մոնիթորինգի վերահսկումը։

Արժութային շուկայում իրավիճակի կայունացման և արժութային սպեկուլյացիաները զսպելու նպատակով Կենտրոնական բանկը նոյեմբերի 24–ին լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25 տոկոսից բարձրացրեց մինչև 10.25 տոկոս, իսկ դեկտեմբերի 3–ին` մինչև 21 տոկոս։

Ֆինանսական ռիսկերից բնակչությանը պաշտպանելու համար ԿԲ–ն դեկտեմբերի 2–ին հանդես եկավ նոր հայտարարությամբ` կոչ անելով հասարակությանը զերծ մնալ անհիմն արժութային փոխանակումներից։

Ֆինանսական շուկայի մասնակիցների ճնշումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեկտեմբերի 2–ին մինչև 21 տոկոս բարձրացրեց լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը։ Բացի այդ, դեկտեմբերի սկզբից Հայաստանի առևտրային բանկերի դոլարային պահանջարկի ապահովման համար կարգավորիչն առաջարկեց 3-6 ամսով արժութային երկարաժամկետ սվոփ։

Ներդրվեց նաև նոր գործիք, մասնավորապես, ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսեց արժույթի վաճառքներ ամենօրյա`սահմանափակ թվով աճուրդների տեսքով։ Օրական առուվաճառքները սկսելով 6 մլն դոլարից` ԿԲ–ն դրանց ծավալը նվազեցրեց մինչև 4 մլն դոլար` հետագայում հասցնելով 2 մլն դոլարի։

Սակայն Ռուսաստանի իրավիճակի հետ կապված բավականին բարձր արժեզրկման անհիմն սպասելիքները ստիպեցին Կենտրոնական բանկին ավելի կոշտ քայլեր ձեռնարկել, մասնավորապես դեկտեմբերի 17–ին  ԿԲ–ն տվյալ արտարժութային նորմատիվը 12 տոկոսից բարձրացրեց մինչև 24 տոկոս։ ԿԲ–ն սկսեց առևտրային բանկերին կարճաժամկետ սվոփի գործիքների միջոցով լիկվիդայնություն տրամադրել դրամական պահանջարկը բավարարելու նպատակով։ Նույն օրը ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ դոլարի փոխարժեքը երկրում գերագնահատվել է, և որ այն անպայման կնվազի։

ԿԲ–ի ձեռնարկած քայլերի արդյունքում դեկտեմբերի 18–ին դոլարի փոխարժեքը նվազեց, դրամը սկսեց արժևորվել։

Բացի այդ, դեկտեմբերի 23–ին ապագա գնաճային ճնշումների և գնաճը նպատակային ցուցանիշի վերադարձնելը խթանելու համար Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացրեց 1.75 տ.կ.–ով` մինչև 8.5 տոկոս։

Միաժամանակ, նվազեց արժութային պարտադիր պահուստավորման նորմատիվը 24 տոկոսից մինչև 20 տոկոս, իսկ դրամի կարճաժամկետ լիկվիդայնության տոկոսադրույքը` 21 տոկոսից մինչև 20 տոկոս։

Առաջընթաց կա, սակայն թուլանալ չի կարելի...

Մի շարք միջոցներ ձեռնարկելուց հետո (մասնավորապես` բանկերի արտարժույթային պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացումը), դեկտեմբերի 18-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը փոխվեց 30.2 կետով և մեկ դոլարի դիմաց կազմեց 497 դրամ։ Ընդ որում` անկման միտումը շարունակվեց, և դեկտեմբերի 20-ին դոլարի փոխարժեքը արդեն 464,57 դրամ էր կազմում։ Միաժամանակ գների անկում նկատվեց սպառողական շուկայում։

Ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տոնական ընդունելության ժամանակ, երկրի ֆինանսական շուկայում տիրող իրավիճակում հնարավոր է եղել վերականգնել հավասարակշռությունը և նոր տարին դիմավորել կայունության պայամններում։
«Մեր քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտներ դեռ մտահոգություն ունեն նոր տարվա առաջին ամիսների համար, սակայն մեր ձեռնարկած քայլերը ֆինանսական շուկայի կայունության երաշխիք կդառնան»,– ասաց նա։

Չնայած իրավիճակի կայունացմանը` արժութային փոխարժեքները դեռ որոշակի տատանումներ են ցուցադրում։ Օրինակ` դեկտեմբերի 29-ին դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 27-ի համեմատ աճել է 6.37 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել  471,46 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև