ՎՏԲ–Հայաստան Բանկը «միավորվելու» կարիք չունի և չի ներառվում ռիսկային գոտու մեջ. հայտարարություն

15.01.2015 14:53
ՎՏԲ–Հայաստան Բանկը «միավորվելու» կարիք չունի և չի ներառվում ռիսկային գոտու մեջ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հերքում է բանկի ընդհանուր կապիտալի չափի և ռիսկային գոտում ներառվելու մասին ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկատվությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Armlur.am կայքում տեղ գտած «Որ բանկերն են կանգնած փակման եզրին» լուրի մեջ օգտագործված է սխալ տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ: Նյութի մեջ մասնավորապես ասվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվական սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ, ինչը արմատապես չի համապատասխանում իրականությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ լրագրողի օգտագործած թիվը (20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջներին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների, որոնց մասին խոսվում է նյութում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից կոչ են անում լրագրողներին ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու նպատակով դիմել բանկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև