Հայաստանի բանկերի նախատեսված խոշորացումն ուղղված է միջազգային շուկայում բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը

15.01.2015 15:38
Հայաստանի բանկերի նախատեսված խոշորացումն ուղղված է միջազգային շուկայում բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի նախատեսված խոշորացումն ու համախմբումն ուղղված է միջազգային շուկայում Հայաստանի բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ–ն որոշում է ընդունել 2017 թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել և նախկին 5 մլրդ դրամի փոխարեն 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։ ԿԲ–ի համաձայն` ընդհանուր կապիտալի նվազագուն չափի ավելացման պահանջն ուղղված է բանկերի ձուլման և համախմբման գործընթացի իրականացմանը, ինչը կհանգեցնի դրանց խոշորացմանը և կապահովի մասշտաբի դրական արդյունք` նպաստելով բանկային համակարգին ավելի մատչելի և որակյալ ծառայությունների տրամադրմանն ու առողջ մրցակցային դաշտի ձևավորմանը։

Փորձագետի կարծիքով` Հայաստանի բանկային համակարգում նախատեսված նման փոփոխությունները չեն վկայում բանկերի ոչ արդյունավետ գործունեության մասին։ «Հայկական բանկային համակարգի կարգավիճակի բարձրացումը միջազգային ֆինանսական ինստիտուտների ցանկությունն է», – ասաց Բոստանջյանը։

«Հայկական բանկերի խոշորացումը, որը կհանգեցնի բանկային համակարգի ուժեղացմանը, ուղղված է միջազգային ֆինանսական ինստիտուտներից ներդրումների ներգրավմանը։ Համաշխարհային շուկայի տեսակետից դա նշանակում է բանկային համակարգի կայունության ավելացում», – ասաց նա։

Փորձագետը նաև նշեց, որ այս իրավիճակում  ամենագլխավորը համաշխարհային շուկաներում Հայաստանի բանկային համակարգի գրավչության բարձրացումն է։

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկը»։ Առևտրային բանկերի համախառն ծավալը 2014 թ.–ի 9 ամսում կազմել է 2 956,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 0,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 456,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում), բանկերի ընդհանուր կապիտալը` 499,3 մլրդ դրամ (6,45 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 28,2 մլրդ դրամ (20,1 տոկոսի անկում)։

2014 թ.–ի տվյալներով` միայն հինգ հայկական բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխանում և անգամ գերազանցում նոր պահանջին, իսկ չորս բանկերի կապիտալը ցածր է 10 մլրդ դրամից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև