Moody’s–ը նվազեցրել է երկու հայկական բանկերի վարկանիշը` «կայունից» դարձնելով «բացասական»

20.01.2015 18:02
Moody’s–ը նվազեցրել է երկու հայկական բանկերի վարկանիշը` «կայունից» դարձնելով «բացասական»

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ՎՏԲ–Հայաստան Բանկի և Արդշինբանկի վարկանիշները` փոխելով կանխատեսումը «կայունից» «բացասականի», հաղորդվում է գործակալության կայքում։

Moody’s–ի տվյալներով` ազգային արժույթով երկարաժամկետ դեպոզիտների սահմանաչափի վարկանիշները նվազեցվել են Ba2–ից Ba3–ի, իսկ Արդշինբանկի և ՎՏԲ–Հայաստան Բանկի արտարժութային դեպոզիտների սահմանաչափի վարկանիշները` Ba3–ից B1–ի։

Երկու հայկական բանկերի վարկանիշների նման նվազումը սպասելի էր հունվարի 15–ին Moody’s–ի կողմից Հայաստանի վարկային վարկանիշի վատացման ֆոնին, որն արտացոլում է երկրի պետական պարտատոմսերի սահմանաչափի վարկանիշի նվազումը` Ba2–ից Ba3–ի, ինչպես նաև արտարժույթով բանկային դեպոզիտների վարկանիշի նվազումը` Ba3–ից В1–ի։ Հայաստանի վարկանիշի նվազման առանցքային գործոնների թվում նշվում է երկրի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների կրճատման, ուղիղ օտարերկրյա ներդրումների անորոշ հեռանկարի, փոխարժեքի փոփոխականության նկատմամբ բարձր զգայունության և արտարժույթի պահուստների նկատմամբ սպասելի ճնշման պատճառով։

Moody’s–ի վերլուծաբանների կարծիքով` այս երկու բանկերի երկարաժամկետ դեպոզիտների և վարկերի վարկանիշների բարձրացում առաջիկա 12 ամսում չի կանխատեսվում։

«Moody’s–ը կարող է հետագայում ևս նվազեցնել Արդշինբանկի և ՎՏԲ–Հայաստան Բանկի վարկանիշները, եթե հիմքեր լինեն ռիսկերի չեզոքացման հնարավորությունների, ինչպես նաև դրանց հիմնական ֆինանսական ցուցանիշների վատացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ գործակալությունից նշում են , որ Հայաստանի տնտեսական կայունացումը կարող է նպաստել այդ բանկերի վարկանիշների բարձրացմանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ՎՏԲ–Հայաստան բանկի ակտիվները 2014 թ.–ի վերջին կազմել են 379,6 մլրդ դրամ (25,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 334,8 մլրդ դրամ (26,3 տոկոսի աճ), կապիտալը` 44,7 մլրդ դրամ (20,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 224,3 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը 2014 թ.–ին կազմել է 777,14 մլն դրամ` 2013 թ.–ին գրանցված 5.6 մլրդ դրամի համեմատ։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (2014 թ.–ի նոյեմբերի 13–ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի) գրանցվել է 2003 թ.–ի փետրվարին։ Բանկը ներառված է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում մի շարք հիմնական ցուցանիշներով, իսկ բանկի մասնաճյուղերի ցանցը (55 մասնաճյուղ) երկրում ամենախոշորներից մեկն է։

Արդշինբանկի ակտիվները 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները` մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 47,1 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով ($1-477,91 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև