Բանկերի միավորումը կառողջացնի Հայաստանի բանկային համակարգը. փորձագետ

22.01.2015 15:09
Բանկերի միավորումը կառողջացնի Հայաստանի բանկային համակարգը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Երկրի բանկային համակարգը կառողջացնի այն հայկական բանկերի միավորումը, որոնք չեն կարողանա ընդհանուր կապիտալի ցուցանիշով ապահովել նորմատիվը, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«Հավանաբար, մի շարք դեպքերում կլինի ոչ թե բանկերի միաձուլում, այլ կլանում։ Ավելի խոշոր բանկերը կկլանեն ավելի փոքրերը, որոնք ռիսկի գոտում են»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա, որքան պակաս լինի բանկերի թիվը, այնքան ավելի դյուրին կլինի դրանք կառավարելը։ «Կենտրոնական բանկը կկարողանա նաև արդյունավետ վերահսկողություն իրականացնել դրանց նկատմամբ»,– ասաց տնտեսագետը։

Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ բանկերի թվի կրճատումը կարող է հանգեցնել մրցակցության նվազմանը, և նույնիսկ, եթե այդ գործընթացն ակտիվանա, ապա կհանգեցնի մոնոպոլիզացիայի կամ օլիգոպոլիզացիայի։ Նաև, ըստ նրա, բանկերի միավորումը կարող է աշխատատեղերի կրճատման պատճառ դառնալ, մի շարք անհարմարություններ առաջացնել հաճախորդների համար, մասնավորապես, պայմանագրերի վերաձևակերպման հարցում։

Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ։ Մի շարք վերլուծաբանների գնահատականով, մինչև 2017 թվականի հունվարի 1–ը դրանց թիվը կարող է կրճատվել և հասնել 14-15–ի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև