Հայկական առաջատար բանկերի ցանկն ըստ 2014թ.–ին ունեցած ակտիվների մեծության

26.01.2015 20:37
Հայկական առաջատար բանկերի ցանկն ըստ 2014թ.–ին ունեցած ակտիվների մեծության

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առաջատար բանկերի դասավորությունն ըստ 2014 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ ունեցած ակտիվների մեծության։

Հարկ է նշել, որ Հայաստանում 2014 թվականի դրությամբ գործող 21 բանկերի ակտիվների համախառն ծավալը կազմել է 3 410,5 մլրդ դրամ` 2013 թվականի համեմատ ավելանալով 16.06 տոկոսով (2 938,6 մլրդ)։ Չնայած ակտիվների երկնիշ աճին` բանկերը տարվա ընթացքում դրանց տեմպերի անհավասար աճ են ցուցադրել։ Այսպես, եռամսյակային հաշվետվությունների տվյալներով, 2014 թվականի առաջին եռամսյակում բանկերի ակտիվները տարեսկզբի համեմատ կրճատվել են 0.22 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում` 0.74 տոկոսով, երրորդ եռամսյակում ակտիվներն աճել են ընդամենը 0.6 տոկոսով, իսկ չորրորդում աճը կազմել է մինչև 16 տոկոս։

«ԱՌԿԱ» գործակալության կատարած դասավորության համաձայն` Հայաստանի ամենախոշոր բանկերի առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, ՎՏԲ Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։ Միաժամանակ, 2014 թվականին առաջատար հնգյակին բաժին է ընկնում երկրի բանկային համակարգի համախառն ակտիվների գրեթե կեսը` 51 տոկոսը կամ 1 741,5 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ առաջատար բանկերի դասավորության առաջին տողում Ամերիաբանկն է, որն այդ ցուցանիշով առաջատար է 2013 թվականից։ Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 399.7 մլրդ դրամ` 2013 թվականի համեմատ ավելանալով 26.88 տոկոսով։ Միաժամանակ, Ամերիաբանկի բաժնեմասը հայկական բանկերի համախառն ակտիվներում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11.7 տոկոս։

Երկրորդ հորիզոնականում ՎՏԲ Հայաստան Բանկն է, որի բաժնեմասը բանկերի համախառն ակտիվներում կազմել է 11.1 տոկոս։ Բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 25.59 տոկոսով` մինչև 379.6 մլրդ դրամ։

Երրորդ տեղում է Արդշինբանկը 10.82 տոկոս ակտիվների բաժնեմասով։ Միաժամանակ, բանկի ակտիվները 201 թվականին աճել են 37 տոկոսով` կազմելով մոտ 369 մլրդ դրամ։

Չորրորդ տեղում HSBC Բանկ Հայաստանն է 8.9 տոկոս համախառն ակտիվների բաժնեմասով։ Բանկի ակտիվները 2014 թվականին աճել են 22.93 տոկոսով` կազմելով 306.6 մլրդ դրամ։

Հայաստանի առաջատար բանկերի ցանկում առաջատարների հնգյակն ակտիվների մեծությամբ եզրափակում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։ Այս բանկի ակտիվների բաժնեմասը հայկական բանկային համակարգում կազմում է 8.4 տոկոս։ 2014 թվականի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 286.4 մլրդ դրամ` ավելանալով 7 տոկոսով։

Հարկ է նշել, որ այս ցուցանիշով առաջատար բանկերի հնգյակն անփոփոխ է մնում վերջին հինգ տարիներին, 2010–ից 2014 թվականներին այն կառուցվածքային փոփոխություններ չի կրել։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ակտիվների առավելագույն աճը նախորդ տարվա ցուցանիշներով բանկային հատվածում ցույց է տվել Մելաթ Բանկը։ Բանկի ակտիվները 2014 թվականին աճել են 45.73 տոկոսով և կազմել են 27.6 մլրդ դրամ (20–րդ հորիզոնականն ըստ «ԱՌԿԱ»–ի դասավորության)։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ակտիվների ամենամեծ անկումը (52.57%) Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ բանկինն է` 110,7 մլրդ դրամ  (11 –րդ տողն ըստ «ԱՌԿԱ»–ի դասավորության)։

Միաժամանակ, ԲՏԱ Բանկը նախորդ տարվա արդյունքներով ուներ ակտիվների մեծությամբ ամենացածր ցուցանիշը` 16.6 մլրդ դրամ, թեև դրանց աճը 2013 թվականի համեմատ կազմել է 41.7 տոկոս։ Միաժամանակ, Բանկի ակտիվների բաժնեմասը բանկային համակարգի համախառն ակտիվներում կազմել է 0.48 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև