Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար

27.01.2015 12:18
Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

ՌԴ կառավարության հունվարի 13-ի որոշման համաձայն` հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին: Այդպիսով, գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին` առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու։

«Ցավոք, այն հայ քաղաքացիների համար, որոնց նկատմամբ այս կամ այն պատճառով ՌՄ մտնելու արգելք էր գործում, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո այն դեռևս ուժի մեջ է մնում»,– ասաց Դավթյանը Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում։

Ըստ նրա` Պետական միգրացիոն ծառայությունը փորձում է օգնել այդ քաղաքացիներին։

«Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Մենք հավաքում ենք այդ դիմումները և ուղարկում Ռուսաստանի միգրացիոն ծառայություն»,– ասաց նա։ Դավթյանը պարզաբանեց, որ պատասխանը սովորաբար գալիս է 2-3 ամիս անց, և գրեթե 30 տոկոս դեպքերում պատասխանը դրական է լինում։

ՊՄԾ–ի պետի տեղակալն ընդգծեց, որ պատասխանը դրական կարող է լինել մեղմացուցիչ հանգամանքների դեպքում։ Օրինակ, եթե ընտանիքի անդամներից մեկը կամ մտերիմ հարազատը ՌԴ քաղաքացի է։ Կամ այն դեպքում, երբ մարդը կրթություն է ստանում Ռուսաստանի Դաշնությունում։

«Եղել են դեպքեր, երբ դիմումատուն մերժվածների ցուցակում պատահական է հայտնվել։ Հաշվի են առնվում նաև ֆորսմաժորային իրավիճակները` հիվանդություն, բուժման կամ շտապ օգնության անհրաժեշտություն, ինչպես նաև թեթև խախտումների դեպքում, երբ մարդն ուշացրել է գրանցումը, կամ դուրս է եկել երկրից ոչ թե 90 օր անց, այլ, ասենք, 95 օր անց և ավելի»,– պարզաբանեց նա։

Նա նշեց նաև, որ ԵՏՄ–ին Հայաստանի միացման հետ Միության անդամ երկրների տարածքում կձևավորվի աշխատանքի ընդհանուր շուկա, իսկ դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներն այսուհետ ազատվում են աշխատանքային գործունեության իրականացման պատենտ ունենալու անհրաժեշտությունից։

«Եթե Ռուսաստան այլ երկրներից մեկնող աշխատանքային միգրանտները պետք է պատենտ ձեռք բերեն, իսկ դրա համար անհրաժեշտ է բազմաթիվ այլ փաստաթղթեր ձեռք բերել, ապա Հայաստանի քաղաքացիների, ինչպես և ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար դա անհրաժեշտ չէ։ Օրինակ, պետք չէ ռուսաց լեզվի քննության հանձնման վկայական, օրենսդրության, Սահմանադրության իմացության վկայականներ, ինչպես նաև բժշկական տեղեկանքների առկայություն և այլն։ Այժմ մեր քաղաքացիներն այդ ամենի անհրաժեշտությունը չունեն»,– ասաց նա։

Միակ պահանջը, ըստ նրա, աշխատանքային պայմանագրի ստորագրումն է։ Դրանից հետո, ինչպես նշեց Դավթյանը, նրանք կարող են մնալ և աշխատել պայմանագրում նշված ժամկետներում։ Այդ իրավունքից կարող են օգտվել միգրանտի ընտանիքի անդամները` կինը, ամուսինը, անչափահաս երեխաները։

Հայաստանի քաղաքացիները նաև կկարողանան գտնվել Ռուսաստանում մինչև 30 օր` չգրանցվելով ըստ բնակության վայրի` նախկին 7 օրվա փոխարեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև