Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

27.01.2015 13:02
Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի խոշորացումն ընդհանուր կապիտալի նվազագույն մեծության նորմատիվի բարձրացման պատճառով կարող է հանգեցնել մեծ կորուստների, կարծում է ՀԱԿ–ի վարչության անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր Զոյա Թադևոսյանը, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«ԿԲ որոշման բացասական ազդեցությունն արդեն երևում է... Որոշ բանկեր տվյալ պահին վարկեր չեն տրամադրում կամ տրամադրում են միայն արտարժույթով, բանկերի մի մասը բարձրացրել է տոկոսադրույքը և սպասարկման կոմիսիան, մասնավորապես, Հայբիզնեսբանկը բարձրացրել է սպասարկման վճարը 1500 դրամից մինչև 5000 դրամ, Պրոմեթեյ Բանկը վարկի գրավով տոկոսադրույքը բարձրացրել է 20%–ից մինչև 24%, իսկ Ինեկոբանկն առհասարակ դադարեցրել է վարկավորումը»,– գրում է պարբերականը։

Ինչպես կարծում է Թադևոսյանը, արդյունքում ԿԲ–ի որոշման մեջ բացակայում է երկրի տնտեսական շահն ապահովելու խնդիրը։ Ըստ նրա, այն կնպաստի բանկերի միջև մրցակցության թուլացմանը, ինչը և կհանգեցնի ոլորտի մենաշնորհայնացմանը։

«Այդ որոշումը կվնասի փոքր կապիտալով բանկերին` կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, և առկա գործազրկության պայմաններում դա չի կարելի դրական համարել։ Բացի այդ, դա կնպաստի արտագաղթի աճին»,– կարծում է տնտեսագետը։

Թադևոսյանը համաձայն չէ այն մտքին, որ ԿԲ–ի տվյալ որոշումը բանկային համակարգն ավելի կայուն և պաշտպանված կդարձնի։ «Եթե բանկերը պաշտպանված չեն և ունեն ռիսկեր, ապա կարող են փակվել և առանց ԿԲ–ի որոշման»,– ասաց նա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև