Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման. փորձագետ

29.01.2015 14:25
Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման, հայտարարեց Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։

«Ստիպելով բանկերին խոշորանալ` ԿԲ–ն հնարավոր ապագա ֆինանսական ճգնաժամի դեպքում սպառնալիքի տակ է դնում Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խուրշուդյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։ ԿԲ–ի գնահատմամբ` որոշումը հավասար չափով վերաբերում է Հայաստանի բանկային համակարգի բոլոր մասնակիցներին, իսկ դրա ներդրման համար նախատեսված է բավարար ժամանակ, որպեսզի բանկերը կարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվային պահանջին։

Խուրշուդյանի խոսքերով` բանկերի խոշորացման հետևանքով կկրճատվեն ադմինիստրատիվ ծախսերը, սակայն մրցունակությունը չի բարձրանա։ Փորձագետը համոզված է, որ ԿԲ–ի այս քայլը թելադրված է կարգավորիչի կողմից բանկերի կառավարելիությունն ուժեղացնելու նրա ցանկությամբ, ինչը հեռանկարում ենթադրում է անցում գրեթե խորհրդային բանկային մոդելի, երբ գործել է միայն մեկ բանկ։ Փորձագետի կարծիքով`դա վտանգավոր մոդել է, որը չի նպաստում բանկային համակարգի զարգացմանը։

«Նախորդ տարվա վերջին ամիսների ճգնաժամը ստիպեց կանխատեսել հայկական բանկերի խոշորացումը։ Այնուամենայնիվ, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացման մասին ԿԲ–ի որոշումը շոկային էր։ Այս գործընթացը պետք է ընթանար բնական ճանապարհով, իսկ ԿԲ–ն փորձեց արագացնել գործընթացը», – ասաց Խուրշուդյանը։

Նա կարծում է, որ բանկերի խոշորացման գործընթացը մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամի դեպքում հենց խոշոր բանկերն են հայտնվում ռիսկային գոտում։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կիսել է գործընկերոջ մտավախություններն այն հարցում, որ բանկերի խոշորացումը թույլ չի տա խուսափել ռիսկերից, սակայն ի տարբերությունը Խուրշուդյանի, նա ուղիղ կապ չի տեսել բանկերի խոշորացման և ռիսկերի ավելացման միջև։

«Իմ կարծիքով` հիմնական խնդիրն այն է, թե որքան արդյունավետ է Հայաստանում իրականացվում ռիսկերի կառավարումը, քանի որ կապիտալի ծավալով միջին և փոքր բանկերն իսկապես կարող են իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն», – ասաց Մանասերյանը։

Ըստ Մանասերյանի` Հայաստանի բանկային համակարգի հիմնական խնդիրը վարկավորման սահմանափակման հաշվին ռիսկերից խուսափելու բանկերի փորձն է։ Նրա գնահատմամբ`բանկերի նման վարքագիծը լավագույն կերպով չի անդրադարձել ոչ միայն տնտեսության իրական հատվածի վրա անբավարար ֆինանսավորման պատճառով, այլ նաև բանկերի վրա, քանի որ նպաստել է բանկերի շահութաբերության նվազմանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ` 2017 թ.–ի հունվարի 1–ից բանկերի թիվը կարող է նվազել` հասնելով 14–15–ի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև