Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը

29.01.2015 18:35
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է  «Ջերմ օջախ» բրենդը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Այսուհետ 2014թ. ապրիլին մեկնարկած ծրագիրը կշրջանառվի «Ջերմ օջախ» անվամբ՝ արտացոլելով իր հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել հարմարավետություն և ջերմություն յուրաքանչյուր հայկական օջախում: Հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել է նաև «Ջերմ օջախ» ծրագրի լոգոն»,–ասված է հաղորդագրությունում։:

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է երկու վարկատեսակ՝ միկրո կամ փոքր վերանորոգման վարկեր (500- 4,000 եվրոյին համարժեք դրամ) և միջին էներգախնայող վարկեր (4,001- 10,000 եվրոյին համարժեք դրամ)՝ 11%-14% տոկոսադրույքով, 6 ամսից մինչև 2 տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով և 5-10% դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ՝ կախված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերի ընդհանուր գումարից և ստացված էներգախնայողության աստիճանից:

Ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական «ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ» (MEI) ընկերության և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ:

Տեխնիկական աջակցության ծրագիրը ներառում է մարքեթինգի և հանրային իրազեկման բարձրացման ուղղված միջոցառումների իրականացումը, գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացումը, ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի կառավարումը և արդյունքների գնահատումը:

«Ջերմ օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Française de Développement) ֆինանսավորմամբ: Տեխնիկական աջակցության ֆինանսավորումը տրամադրվել է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից (EU Neighbourhood Investment Facility):

Ինչպես նախկինում նշվել է  Ազգային Հիփոթեքային Ընկերության 10 մլն. եվրո արժողությամբ բնակարանների նորոգման և էներգաարդյունավետության  բարձրացման միկրովարկերի ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի ապրիլին։ Թիրախային խմբում ընտրվել էին 3000  բնակարանային տնտեսություններ, որոնցից 2000–ը`գյուղական վայրերից և 1000–ը`  Երևանի ծայրամասերից։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: ($1-413,44 դրամ)։

Ֆրանսիական զարգացման գործակալությունը ֆինանսական հաստատություն է, որը պաշտոնական օգնություն է տրամադրում զարգացող երկրներին։ Գործակալությունը ֆինանսավորում է նախագծեր, ծրագրեր ու հետազոտություններ` դրամաշնորհների, վարկերի, երաշխիքային ֆոնդերի տեսքով, աջակցում է զարգացող երկրների իր գործընկերների ներուժի զարգացմանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post