Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ

04.02.2015 14:37
Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք բանկը, Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ, իրականացնում է նոր ծրագիր, համաձայն որի Բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվելու է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ` ուղղված հաճախորդների կարիքների բացահայտմանը, գնահատմանը և Բանկի նկատմամբ նրանց հավատարմության ձևավորմանն ու ավելացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, Անելիք բանկի համագործակցությունը Մենեջմենթ Միքս ընկերության հետ երկարատև է լինելու: Տվյալ ծրագրի իրականացման համար հաշվի է առնվել բանկային սպասարկման միջազգային լավագույն փորձը։ Հաճախորդների սպասարկումը նորագույն և ժամանակակից ստանդարտներով իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել Բանկի տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից, իսկ համագործակցության 2-րդ տարին կներառի ավելի քան 250 աշխատակցի վերապատրաստում:

«Անելիք բանկը մշտապես ունենալով իր բաժնետիրոջ` լիբանանյան Կրեդիտ Բանկի ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը և կիրառելով Կրեդիտ Բանկի ռազմավարությունն ու փորձը, կարողացավ վերջին մի քանի անհաջող ֆինանսական տարիներից հետո, 2014 թվականը փակել շահույթով, ինչը նաև մեր որդեգրած նոր ռազմավարության արդյունքն է` իր մեջ սպասարկման նշված համակարգի ներդրմամբ և կիրառմամբ»,-տեղեկացնում է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Մենեջմենթ Միքսը եվրոպական խորհրդատվական ընկերություն է, որ հիմնվել է 1969 թվականին Փարիզում և ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանյան, Լիբանանյան և Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Սուադիան Արաբիա) բանկերում։ Մենեջմենթ Միքս ընկերությունը մասնագիտացված է նաև ներդրողների ներգրավմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ների և սկսնակ գործարարների (StartUp) ֆինանսավորման համար այնպիսի ֆինանսական մեխանիզմների մշակմամբ, ինչպիսիք են մասնավոր ներդրումային հիմնադրամները։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%), պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն դրամ վնասի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև