ՎԶԵԲ–ի` երկրորդ թողարկման 2 մլրդ. դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Armenia–ում

11.02.2015 20:37
ՎԶԵԲ–ի` երկրորդ թողարկման 2 մլրդ. դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Armenia–ում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` ՀՀ դրամով արտահայտված 2-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ Արմենիա բորսայում` ընդգրկելով հիմնական Abond ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՎԶԵԲ–ի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ,  մարման ժամկետը` 6 ամիս,  արժեկտրոնային եկամտաբերությունը`  17%։ Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB2 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ռեպո գործարքների կնքմանը:

ՎԶԵԲ–ի` երկրորդ թողարկման պարտատոմսերը NASDAQ OMX Արմենիայում տեղաբաշխվել են 2015 թվականի հունվարի 30-ին։ Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2.908 մլրդ ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 2 մլրդ ՀՀ դրամ:

Առաջին թողարկման պարտատոմսերը 2014 թվականի փետրվարի 1–ին  (EBRDB1) 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով լողացող տոկոսադրույքով տեղաբաշխված արժեկտրոնային պարտատոմսեր էին, որոնք մարվել են փետրվարի 2-ին:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև