Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2014 թ.–ի ֆինանսական հաշվետվությունը

17.02.2015 17:22
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2014 թ.–ի ֆինանսական հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), որն ունի Moody’s–ի (A3), S&P–ի (BBB) վարկային վարկանիշները, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շնորհած SOV/CC0 փոխառուի ներքին վարկանիշը, հրապարակել է 2014 թ.–ին Ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչների ֆինանսական արդյունքները։

ԵԱԶԲ–ի ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտն իրականացրել է «ԿՊՄԳ Աուդիտ» ընկերությունը։ ԵԱԶԲ–ի 2014 թ.–ի առանցքային ֆինանսական արդյունքները հետևյալն են` բանկի ակտիվները կազմել են 3 915 մլն դոլար, հաճախորդներին տրամադրված փոխառությունների չափը գերազանցել է 2 151 մլն դոլարը, թողարկված պարտքային արժեթղթերի ծավալը կազմել է 2 062 մլն դոլար, կապիտալն ավելացել է 6 մլն դոլարով և կազմել 1 638 դոլար, զուտ շահույթը կազմել է 17,8 դոլար։

2014 թ.–ի արդյունքում ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 3,16 մլրդ դոլար։ 2014 թ.–ին այն համալրվել է 508 մլն դոլարի (2014 թ.–ի դեկտեմբերի 31–ի փոխարժեքով) 24 նախագծերով։ Իրականացման փուլում է գտնվել 88 ներդրումային նախագիծ բանկի վեց մասնակից պետություններում։

Բանկի ֆինանսավորած նախագծերի հիմնական մասը բաժին է հասնում տրանսպորտի (38,5 տոկոս) և էներգետիկ (27,9 տոկոս) ոլորտներին, ինչը համապատասխանում է ԵԱԶԲ–ի ռազմավարությանը։ Ինտեգրացիոն արդյունք ունեցող նախագծերի մասնաբաժինը գերազանցել է 49 տոկոսը, հաղորդում է ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունը։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.–ի հունվարին մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև