ՎԶԵԲ–ի 3-րդ թողարկման 2 մլրդ դրամ ծավալի պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիա բորսայում

19.02.2015 19:36
ՎԶԵԲ–ի 3-րդ թողարկման 2 մլրդ դրամ ծավալի պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2 մլրդ. դրամի 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիայում` ընդգրկելով հիմնական Abond ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` ՎԶԵԲ-ի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 6 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը` 14.5%։Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB3 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB63UK7 ծածկագիրը:

ՎԶԵԲ-ի երրորդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ Արմենիայի տեղաբաշխման հարթակում փետրվարի 11-ին: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2.792 մլրդ ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել էր 2 մլրդ ՀՀ դրամ:

2 մլրդ դրամի լողացող տոկոսադրույքով (EBRDB1) դրամային արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը տեղաբաշխվել է 2014 թվականի փետրվարի 1–ին, իսկ երկրորդ թողարկումը  (EBRDB2) ` 2015 թվականի հունվարի 30–ին և ցուցակում է անցել փետրվարի 11–ին, որի մարումը նախատեսված է 2015 թվականի հուլիսի 30–ի համար։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև