Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ապահովագրական ծառայություններ մատուցել. էկոնոմիկայի նախարարություն

02.03.2015 20:52
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը  սկսել է ապահովագրական ծառայություններ մատուցել. էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ապահովագրական ծառայությունների մատուցումը, հաղորդում է էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

«Դիմելով ՀԱԱԳ` արտահանողները հնարավորություն կստանան ոչ միայն պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից, այլ նաև ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական և այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից»,- նշված է հաղորդագրությունում

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին` ՀՀ կառավարության որոշմամբ, որպես Հայաստանի Հանրապետությունում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ փոքր և միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է այն դեպքերից, երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված տարաժամկետ վճարման ժամկետում չի կատարում առաքված ապրանքի դիմաց վճարման իր պարտավորությունները։

Դա պայմանավորված հետևյալ ռիսկերով. առևտրային ռիսկ՝ գնորդի սնանկություն (անվճարունակություն) կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում,

քաղաքական ռիսկ՝ առևտրի կամ բանկային փոխանցումների սահմանափակման, արժույթի փոխարկման արգելքի կամ սահմանափակման, բնական աղետների, պատերազմական և այլ քաղաքական իրադարձությունների հետևանքով վճարման անհնարինություն:

Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններն են. արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետ` 1-6 ամիս,

ապահովագրական գումարի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի,

ապահովագրական ծածկույթի սահմանաչափ` արտահանման ապահովագրության  պայմանագրի արժեքի մինչև 85-90%-ը,

ապահովագրավճար՝ արտահանման գործարքի արժեքի 0.3%-1.1%՝ կախված ապահովագրության ժամկետից և արտահանման երկրից:

Այժմ արդեն գործակալությունը պատրաստ է սկսել ապահովագրական ծառայությունների մատուցումը: Դիմելով ՀԱԱԳ` արտահանողները հնարավորություն կստանան ոչ միայն պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից, այլ նաև ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական և այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից:

ՀԱԱԳ-ը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություն՝ ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ կապիտալով։ Ընկերությունն իրականացնում է ստանձնած ռիսկերի վերաապահովագրություն բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակություն վայելող Swiss Reinsurance Company Ltd. վերաապահովագրական ընկերության միջոցով։

Ապահովագրության պայմանագրի կնքման և ծառայության հետ կապված հարցերով գործարարները կարող են այցելել ՀԱԱԳ գրասենյակ՝ Վազգեն Սարգսյան փ. 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 405 սենյակ, կապվել ՀԱԱԳ մասնագետների հետ (010) 58-29-29 և (060) 46-29-29 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել ՀԱԱԳ կայքը՝  www.eia.am հասցեով: --0--


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև