«Կամուրջ» ՈւՎԿ–ն և Triple Jump BV ընկերությունը 1,5 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել

03.03.2015 14:41
«Կամուրջ» ՈւՎԿ–ն և Triple Jump BV ընկերությունը 1,5 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կնքել է 1,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր  Triple Jump BV նիդեռլանդական ընկերության հետ, հաղորդում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ պայմանագրի շնորհիվ «Կամուրջը» հնարավորություն կունենա մատչելի պայմաններով վարկավորել հաճախորդներին, ովքեր նպատակ ունեն բարելավել իրենց բնակարանային պայմանները, այդ թվում նաև կիրառելով էներգախնայողության տարբեր լուծումներ:

«Triple Jump BV նիդեռլանդական ընկերության հետ կնքված պայմանագրով  մենք ընդլայնում ենք մեր միջազգային գործընկերների ցանկը ևս մեկ հայտնի ֆինանսական կառույցով և ստանում հնարավորություն մեր հաճախորդներին տրամադրել բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պարզ վարկատեսակներ, որոնք նաև կնպաստեն  էներգախնայողության ավելացմանը, ինչը էներգակիրների հետզհետե աճող գների պարագայում և հատկապես ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար առավել կարևոր խնդիրներից մեկն է», – նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանն` ավելացնելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը «Կամուրջին» հնարավորություն է ընձեռում առավել դիվերսիֆիկացնել ներգրավված միջոցների աղբյուրները, իսկ մեր հաճախորդների համար ապահովել էլ ավելի մատչելի և նպատակային օգտագործման լրացուցիչ ֆինանսական ծառայություններ։

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «Կամուրջ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:

«Կամուրջ» ՈւՎԿ–ի ակտիվները 2014 թ.–ին կազմել են մոտ 15,7 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 47,9 տոկոսով, պարտավորությունները` մոտ 10 մլրդ դրամ (գրեթե կրկնակի ավելացել են` տարեսկզբի համեմատ), կապիտալը` 5,7 մլրդ դրամ (5 տոկոսի աճ) և վարկային ներդրումները` 13,5 մլրդ դրամ (31,6 տոկոսի աճ)։ Միաժամանակ վարկային կազմակերպության շահույթը 2014 թ.–ին կազմել է 425,2 մլն դրամ ($1 – 478,6 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև