ՀՀ կառավարությունը փաստաթղթեր է պատրաստել եվրապարտատոմսեր թողարկելու համար

10.03.2015 17:20
ՀՀ կառավարությունը փաստաթղթեր է պատրաստել եվրապարտատոմսեր թողարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը երեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել մի շարք համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ապահովում են եվրապարտատոմսերի թողարկումը։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եվրապարտատոմսերի թողարկումը դիտարկվում է որպես պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը, սակայն պետական պարտքի կառավարումը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ, քանի որ հնարավոր ռիսկերի նվազեցման տեսակետից կարևոր է նաև պարտավորությունների կառավարումը։

Նրա խոսքով` Ֆինանսների նախարարությունը միջազգային խորհրդատու և գլխավոր տեղաբաշխողի հետ համատեղ պատրաստել է փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է եվրապարտատոմսերի թողարկման համար։

Ինչպես նշել է նախարարը, այդ փաստաթղթերի թվում է եվրապարտատոմսերի թողարկման ազդագիրը, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերը, ֆիսկալ գործակալի պայմանագիրը, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագիրը։ Եվրապարտատոմսերի թողարկման համար անհրաժեշտ է ստորագրել նաև այլ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են պարտատոմսերի թողարկման պայմանները։

«Եվրապարտատոմսերի թողարկումը կապված է կապիտալի միջազգային շուկայի պայմաններից, սակայն անգամ բարենպաստ պայմանների դեպքում թողարկումը կարելի է իրականացնել միայն համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում», – ասաց Խաչատրյանը։

ՀՀ կառավարությունը հունվարի 30–ին հավանություն է տվել եվրապարտատոմսերի հերթական թողարկման հարցում կոնսալտինգային և տեղաբաշխիչ ծառայությունների տրամադրման մասին Deautche Bank AG–ի, HSBC Bank–ի և J.P. Morgan Securities–ի հետ պայմանագրերի ստորագրմանը։ Միջազգային իրավական խորհրդատուն կլինի Cleary Gottlieb Teen & Hamilton LLC–ն։ Ֆինանսների նախարարության համաձայն` եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխման ընթացքում ստացված գումարը նախատեսվում է տրամադրել 2015 թ.–ի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև