Fitch–ը 2,9%–ից 2,7% է հասցրել համաշխարհային տնտեսության աճի` այս տարվա կանխատեսումը

17.03.2015 19:52
Fitch–ը 2,9%–ից 2,7% է հասցրել համաշխարհային տնտեսության աճի` այս տարվա կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը համաշխարհային տնտեսության աճի` 2015 թվականի կանխատեսումը 2,9 տոկոսից իջեցրել է մինչև 2,7 տոկոս։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Fitch –ը 2016 թ.–ին կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսության աճը կլինի 3 տոկոսի սահմանում։

2014թ.–ին համաշխարհային ՀՆԱ–ի աճը, Fitch–ի տվյալներով, կազմել է 2.5 տոկոս։ Գործակալության փորձագետները 2014թ.–ի համեմատ առաջիկա երկու տարում գրանցվող համաշխարհային տնտեսության աճի արագացումը բացատրում են զարգացած տնտեսություն ունեցող երկրների վերականգնմամբ։

Միաժամանակ աշխարհի երեք խոշորագույն զարգացած տնտեսությունների (ԱՄՆ, Ճապոնիա, եվրագոտի) միաժամանակյա աճը 2010թ.–ից հետո առաջին անգամ կգրանցվի 2015թ.–ին։ Այսպես` Fitch–ը 2015թ.–ին ԱՄՆ–ի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 3,1 տոկոսի սահմանում, իսկ 2016թ.–ին` 3 տոկոսի սահմանում։ Ամերիկյան տնտեսության աճի հիմնական գործոնը կդառնա ներքին մասնավոր սպառումը, որին կաջակցեն նավթի ցածր գները, տնային տնտեսությունների ավելի բարձր եկամուտները, ինչպես նաև աշխատաշուկայի բարելավումը։

Այժմ Fitch–ը եվրագոտու տնտեսության աճը 2015թ.–ին կանխատեսում է 1,4 տոկոսի սահմանում և 2016թ.–ին` 1,7 տոկոսի սահմանում։

Միաժամանակ զարգացող տնտեսություն ունեցող երկրների աճը, Fitch–ի կարծիքով, կշարունակի դանդաղել Ռուսաստանում և Բրազիլիայում գրանցվող ռեցեսիայի, ինչպես նաև Չինաստանում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների պատճառով։ Համաշխարհային ՀՆԱ–ի աճի 2015թ.–ի կանխատեսման վերագնահատումը դեպի նվազում տեղի է ունեցել զարգացող երկրների տնտեսությունների դանդաղեցման պատճառով, նշվում է Fitch–ի հաղորդագրության մեջ։

Այսպես` գործակալությունը 2015թ.–ին ՌԴ ՀՆԱ–ի նվազումը կանխատեսում է 4,5 տոկոսի սահմանում և 2016թ.–ին` 1 տոկոսի սահմանում։ Բրազիլիայի ՀՆԱ–ի նվազումը 2015թ.–ի սպասվում է 0,4 տոկոսի սահմանում, իսկ 2016թ.–ին երկրի տնտեսությունը կարող է 1,5 տոկոսի չափով աճ գրանցել, կարծում են Fitch–ի փորձագետները։ Բացի այդ, ՉԺՀ–ի տնտեսության աճը 2015թ.–ին սպասվում է 6,8 տոկոսի սահմանում, 2016թ.–ին` 6,5 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև