ԱՄՆ ԴՊՀ–ի նիստի արդյունքում ոսկին թանկացել է

19.03.2015 11:40
ԱՄՆ ԴՊՀ–ի նիստի արդյունքում ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքները հրապարակելուց հետո ոսկու գինը դրական դինամիկա է ցուցադրել։ Սա են վկայում առուվաճառքի տվյալները։

Երևանի ժամանակով 08.16–ին Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսը թանկացել է 18.5 դոլարով կամ 1,61%–ով  և տրոյական ունցիայի դիմաց կազմել է 1169,8 դոլար։ Comex–ում արծաթի մայիսյան ֆյուչերսն ավելացել է 2,79%–ով և տրոյական ունցիայի դիմաց կազմել 15,98 դոլար, հայտնում է РБК–ն։

ԴՊՀ բաց շուկաների կոմիտեն չորեքշաբթի կայացած հերթական նիստից հետո բազային տոկոսադրույքը կրկին պահպանել է ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0-0,25%։ Կարգավորիչը հաղորդագրության մեջ նաև բացառել է  տոկոսադրույքի բարձրացման դեպքում համբերություն դրսևորելու պատրաստակամության մասին ձևակերպումը և հայտնել է, որ ապրիլին կայանալիք հաջորդ նիստի ժամանակ տոկոսադրույքի բարձրացումը հավանական չէ։

Կարգավորիչը նվազեցրել է երկրի տնտեսության աճի` 2015 թվականի կանխատեսումը` սահմանելով 2,3-2,7%` դեկտեմբերին կանխատեսվող 2,6-3%–ի դիմաց։ Ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը նվազեցվել է մինչև 0,6-0,8%` դեկտեմբերի 1-1,6%–ի դիմաց։ Գործազրկությունն այժմ կանխատեսվում է 5-5,2%–ի մակարդակում` 5,2-5,3%–ի դիմաց։

Նյու Յորքում HSBC–ի` մետաղների գծով գլխավոր վերլուծաբան Ջիմ Սթիլը Ռոյթերս գործակակությանը հայտնել է, թե ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսման վատացումը ցույց է տալիս, որ կարգավորիչը կարող է հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև