Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերի կրկնապատկմանը

19.03.2015 18:57
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերի կրկնապատկմանը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը։

Ինչպես կառավարության եզրակացությունը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, Հայաստանում այժմ երաշխավորված են բանկերում պահվող ֆիզիկական անձանց 4 մլն դրամ դրամային և 2 մլն դրամին համարժեք տարադրամային խնայողությունները։ Իսկ պատգամավորներն առաջարկում են կրկնապատկել երաշխավորված գումարը` այն հասցնելով մինչև 8 մլն դրամի և 4 միլիոնի` համապատասխանաբար։

«Տեսականորեն կարելի է անգամ մտածել 10 մլն դրամի և 5 մլն դրամի մասին` համապատասխանաբար», – ընդգծեց նա։

Օրինագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանն են։ ($1 – 479,03 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև