Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

20.03.2015 17:10
Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն ունի բոլոր հիմքերը հաջող տեղաբաշխման համար, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Ի օգուտ դրան են խոսում շուկայի պահանջարկի ուսումնասիրության արդյունքները», – ասաց փորձագետը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Reuters–ի տվյալներով` Հայաստանը մարտի 19–ին իրականացրել է 500 մլն դոլարի չափով եվրապարտատոմսերի երկրորղ տեղաբաշխումը` 10 տարի մարման ժամկետով, տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ։ Որպես տեղաբաշխող են հանդես եկել Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը։

Մանասերյանի խոսքերով, իրականացնելով պարտատոմսերի հերթական թողարկումը` կառավարությունը, փաստորեն, դիմում է արտաքին պարտքի ավելացման, սակայն եվրապարտատոմսերի հաջող տեղաբաշխումը շահավետ գնով թույլ կտա վերաֆինանսավորել պետական պարտքը։

«Իհարկե, եվրապարտատոմսերից ստացված միջոցները կարելի էր ուղղել տնտեսության իրական հատված, սակայն այսօրվա դրությամբ կառավարության համար առաջնահերթը պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է», – ասաց նա։

Փորձագետը նշեց, որ 20 տարվա ընթացքում Հայաստանում պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ավանդույթ է ձևավորվել արտաքին աղբյուրների հաշվին, այն դեպքում, երբ հարկավոր է երկրի պետական պարտքի ընդհանուր կառուցվածքում ավելացնել ներքին պարտքի մասնաբաժինը, այդ թվում նաև եվրապարտատոմսերի հաշվին։ «Եթե մեզ հաջողվի կարգավորել պետական պարտքի կառավարման հետ կապված իրավիճակը, ապա այդ դեպքում հնարավոր կլինի ֆինանսավորել տնտեսության մնացած կարևոր ոլորտները», – ասաց Մանասերյանը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ն։ Այդ արժեթղթերի նկատմամբ պահանջարկը գրեթե միանգամից մի քանի անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը` հասնելով 3 մլրդ դոլարի, իսկ եկամտաբերությունը նվազել է` հասնելով մոտ 5,8 տոկոսի։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկման վերաբերյալ պաշտոնական հաղորդություն կհրապարակվի ուրբաթ օրվա վերջում։–0–


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև